ԱՄՆ նախագահը հորդորել է դաշնակիցներին պատրաստվել ազատության համար երկարատև պայքարի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրն ընդգծեց ուկրաինացիների վճռականությունն ու ուժը, որոնք կռվում են ռուս զավթիչների դեմ «ազատության համար մեծ ճակատամարտում» և ասաց, որ աշխարհը պետք է պատրաստվի ժողովրդավարության համար «երկարատև» պայքարի։
Ելույթ ունենալով Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոցում՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի կառավարությունը «խեղդել է ժողովրդավարությունը» իր տանը և այժմ «ձգտում է դա անել այլուր»: Դիմելով ուկրաինացիներին՝ նախագահը շեշտել է. «Մենք ձեզ հետ ենք։ Եվ վե՛րջ».
Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է մնա իշխանության ղեկին, և Ուկրաինայի դեմ նրա պատերազմը Մոսկվայի համար «ռազմավարական ձախողում» է։
«Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»,- հայտարարել է Բայդենը, ով ավելի վաղ Պուտինին անվանել էր «դահիճ»:
Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը, որն արդեն ընթանում է երկու ամիս, միավորել է Արևմուտքը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն միշտ եղել է պաշտպանական դաշինք և երբեք չի հետապնդել Ռուսաստանի փլուզումը։