Մատչելի հղումներ

Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանին «անպատասխանատու միջուկային հռետորաբանության» մասին


UKRAINE-CRISIS/NATO-STOLTENBERG
UKRAINE-CRISIS/NATO-STOLTENBERG

ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ դաշինքը դաշնակիցներին կպաշտպանի «ցանկացած պահին ցանկացած սպառնալիքից»

Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, կորոշի ռազմական ուժեր ստեղծել իր արևելյան թևում՝ «ցամաքում, օդում և ծովում»:

Այս մասին գագաթնաժողովի նախօրեին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը դաշինքի արևելյան սահմանին՝ մոտ 40,000 զինվոր տեղակայելով Բալթիկից մինչև Սև ծովեր, և պատրաստվում է չորս նոր մարտական ստորաբաժանումներ տեղակայել Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում:

2014 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի բռնակցումից հետո դաշինքը մոտ 5000 զինվորական է տեղակայել Բալթյան երկրներում և Լեհաստանում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով մամլո ասուլիսին, նախազգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառումից։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային այս վտանգավոր անպատասխանատու հռետորաբանությունը… Ռուսաստանը պետք է հասկանա, որ երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում», - ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից կենսաբանական կամ քիմիական զենքի ցանկացած օգտագործում «հեռահար հետևանքներ» կունենա, և որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահին»:

ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է նաև համաձայնության գան Կիևին լրացուցիչ օգնության հարցում, ներառյալ սարքավորումների մատակարարումները, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանվել քիմիական, կենսաբանական և միջուկային սպառնալիքներից, ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի ղեկավարը Չինաստանին կոչ է արել դատապարտել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և Մոսկվային «նյութական աջակցություն» չտրամադրել։

Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենգը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները դառնում են «ավելի ու ավելի աղաղակող»: Ի պատասխան՝ Ստոլտենբերգը լրագրողներին ասել է, որ «ՆԱՏՕ-ն հատկապես անհանգստացած է, որ Չինաստանն այժմ առաջին անգամ կասկածի տակ է դնում անվտանգության որոշ հիմնական սկզբունքները, այդ թվում՝ Եվրոպայի յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ իր ուղին ընտրելու համար»։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նախագահ Բայդենը, տեղի կունենա հինգշաբթի օրը Բրյուսելում։

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG