Վաշինգտոնն Անկարայի հետ ոչ պաշտոնական քննարկել է Ուկրաինային ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրելու հնարավորությունը
Բայդենի վարչակազմը ռուսական արտադրության զենքեր, հատկապես հրթիռային համակարգեր օգտագործող դաշնակիցների հետ քննարկում է դրանք Ուկրաինային փոխանցելու հարցը։ Դա Ջո Բայդենի վարչակազմի լայնածավալ ջանքերի մի մասն են՝ ի արձագանք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու կոչին՝ Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար:
ԱՄՆ պաշտոնյաներն անցյալ ամիս քննարկել են Ուկրաինաին Ս-400 համակարգեր տրամադրելու գաղափարը թուրք գործընկերների հետ, սակայն պաշտոնական հարցում դեռ չի արվել, Reuters-ին հայտնել են վստահելի աղբյուրները։ Հարցը հակիրճ քննարկվել է նաեւ մարտի սկզբին պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Իրավիճակին ծանոթ Reuters-ի աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնի նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ Անկարան ակնհայտորեն մտահոգված է ռուսական ներխուժումից Ուկրաինա։
Ս-400-ի հարցը դարձել է Շերմանի և թուրք պաշտոնյաների ավելի լայն քննարկման առարկա, թե ինչպես ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից:
Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել Ս-400 համակարգերի փոխանցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները, որոնք երկարամյա վեճի առարկա են դարձել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև։
Չնայած դրան, ըստ վերլուծաբանների, ամենայն հավանականությամբ, Թուրքիային կմերժի այդ առաջարկը մի շարք պատճառներով՝ սկսած Ուկրաինայում Ս-400-ի տեղադրման և շահագործման հետ կապված տեխնիկական խոչընդոտներից և վերջացրած քաղաքական խնդիրներով, ինչպիսիք են Մոսկվայի հավանական պատասխան քայլերը։
Վաշինգտոնը բազմիցս խնդրել է Անկարային ձերբազատվել ռուսական «երկիր-օդ» հրթիռներից, որոնք մատակարարվել են 2019 թվականի հուլիսին։ ԱՄՆ-ը նույնիսկ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ եւ Թուրքիային հեռացրեց F-35 կործանիչների ծրագրից:
Անկարան, իր հերթին, հայտարարել է, որ ստիպված է եղել ընտրել Ս-400-ը, քանի որ դաշնակիցներն իրեն չեն տրամադրել նմանատիպ սպառազինություն բավարար պայմաններով։
Այսօր ԱՄՆ պաշտոնյաները ձգտում են օգտվել պահից՝ Անկարային Վաշինգտոնի ուղեծիր վերադարձնելու համար:
«Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ Ս-400-ները հին խնդիր է, և թերևս այժմ այն պահն է, երբ մենք կարող ենք նոր ճանապարհ գտնել այս խնդրի լուծման համար», - մարտին թուրքական Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վենդի Շերմանը։
Վերլուծաբաններն ասում են, որ Անկարան փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել և շատ չնեղացնել Մոսկվային, այնուհանդերձ, նա Կիևին վաճառել է ռազմական անօդաչու թռչող սարքեր և համաձայնագիր է ստորագրել դրանց համատեղ արտադրության մասին, ինչը զայրացրել է Կրեմլին: Թուրքիան նույնպես դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Ղրիմի բռնակցմանը։
«Թուրքիան կարողացել է քայլել եզրով, և ռուսական Ս-400-ների փոխանցումը, անշուշտ, կհանգեցնի Ռուսաստանի լուրջ զայրույթի», - ասում է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Ահարոն Սթեյնը: «Էրդողանի համար Ս-400-ների գնումը Թուրքիայի ինքնիշխանության խորհրդանիշն էր, ուստի նա դրանց փոխանցման գաղափարին ակնհայտորեն դեմ է»:
Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի որոշ այլ դաշնակիցներ նույնպես ունեն ռուսական կամ խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են Ս-300-ը և Ս-400-ը: