Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը լրացուցիչ 186 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար


Պետքարտուղարը նշել է, որ փետրվարից ԱՄՆ-ը մոտ 293 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար։

Միացյալ Նահանգները հավելյալ 186 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել ուկրաինացիներին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, «Միացյալ Նահանգները տրամադրում է ավելի քան 186 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնություն՝ Ուկրաինայից ներքին տեղահանվածներին և ավելի քան 3 միլիոն փախստականներին աջակցելու համար»։

Բլինքենն ուշադրություն է հրավիրել «Ուկրաինա մարդասիրական անխափան մուտքը հեշտացնելու» անհրաժեշտության վրա։

Նա նաև կոչ է արել «անվտանգ միջանցքներ տրամադրել նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ քաղաքներից»:

Պետքարտուղարը նշել է, որ փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային հումանիտար օգնության համար հատկացրել է մոտ 293 մլն դոլար, իսկ վերջին ութ տարվա ընթացքում՝ մոտ 644 մլն դոլար։

Ավելի քան 3 միլիոն փախստական Ուկրաինայից ժամանել են հարևան երկրներ, երեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Գերատեսչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մարտի 15-ը Ուկրաինայից մեկնած փախստականների թիվը հասել է 3 000 381-ի։

Մասնավորապես, Լեհաստան է ժամանել 1 830 711 մարդ, Ռումինիա՝ 459 485, Մոլդովա՝ 337 315, Հունգարիա՝ 267 570։

XS
SM
MD
LG