Կիևի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շարասյունը փորձել է տարհանվել Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձանների Պոբեդա գյուղից
Ուկրաինան շաբաթ օրը մեղադրել է ռուս զինվորականներին յոթ խաղաղ բնակիչների սպանության մեջ՝ Կիևի մերձակայքում մարտերից փախչել փորձող կանանց և երեխաների վրա հարձակման մեջ, իսկ Ֆրանսիան ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, նշում է Ռոյթերս գործակալությունը:
Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է Պոբեդա գյուղից տարհանվելու փորձի ժամանակ, և որ «օկուպանտները ստիպել են շարասյունին հետ շրջվել և վերադառնալ»։
Reuters-ը չի կարող ստուգել հաղորդման իսկությունը: Մոսկվան հերքում է խաղաղ բնակչության վրա հարձակումները և մեղադրում Ուկրաինային պաշարված քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու անհաջող փորձերի մեջ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան նոր զորքեր է ուղարկում Ուկրաինա այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը շարքից դուրս են հանել ռուսական բանակի շուրջ 31 մարտավարական խմբեր, ինչը, ըստ նրա, ռուս զինվորականների ամենամեծ կորուստն է տասնամյակների ընթացքում: Նրա պնդումները ճշտել չի հաջողվել։
Նա նաև հայտնել է, որ մինչ այժմ սպանվել է մոտ 1300 ուկրաինացի զինծառայող և կոչ է արել Արևմուտքին ավելի շատ ներգրավվել խաղաղ բանակցություններում։ Նախագահն ընդգծել է, որ ռուսական զորքերին շատ դաժան պայքար է սպասում, եթե փորձեն մտնել մայրաքաղաք։
Զելենսկին քննարկել է ռազմական գործողությունների ընթացքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ հետո Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ և հորդորել Ռուսաստանի ղեկավարին անհապաղ զինադադարի հրաման տալ։
75 րոպեանոց հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար հրադադարի մասին, Ֆրանսիայի նախագահի խոսնակն ասել է. «Մենք Պուտինից չենք լսել, որ նա պատրաստ է վերջ դնել պատերազմին»:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեղադրել է ԱՄՆ-ին լարվածության սրման մեջ և ասել, որ իրավիճակը բարդանում է Ուկրաինա արևմտյան զենքերի առաքմամբ: Նա զենքի շարասյունները որակում է հարձակումների «լեգիտիմ թիրախներ»:
ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռյաբկովը կոնկրետ սպառնալիքներ չի հնչեցրել, սակայն նման շարասյունների վրա ցանկացած հարձակում մինչև ուկրաինական տարածք հասնելը կարող է հանգեցնել պատերազմի ընդլայնման։
Պատասխանելով խաղաղ բանակցություններում Արևմուտքի ավելի մեծ ներգրավվածության մասին Զելենսկու կոչին, պետքարտուղարության խոսնակն ասաց. «Եթե կան դիվանագիտական քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, որոնք Ուկրաինայի կառավարությունը կարծում է, որ օգտակար կլինեն, մենք պատրաստ ենք դրանք ձեռնարկել»: