Միլիարդավոր դոլարների հումանիտար և ռազմական օգնություն է տրամադրելու ԱՄՆ-ը Ուկրաինային: Այս մասին որոշում է կայացրել երկրի Կոնգրեսը, որի առաջարկած գումարը շատ ավելին է, քան պահանջում էր Սպիտակ տունը:
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն է ասել, ամբողջ աշխարհը պետք է արձագանքի և օգնի փախստականներին: ‘’Եվ մենք առաջարկում ենք մի փաթեթ, որը, կարծում եմ, դեռ միայն սկիզբն է: Նախատեսվող 14 միլիարդ դոլարի օգնության փաթեթը կապահովի տնտեսական, ռազմական և հումանիտար աջակցություն, ասել է նա:
Պատերազմական գոտում Ուկրաինայի դիրքերը նույնպես որոշ չափով կամրապնդվեն, քանի որ Լեհաստանը, ինչպես հայտարարեց երեքշաբթի օրը, Ուկրաինա կուղարկի ՄիԳ-29 մակնիշի կործանիչներ:
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Վիկտորիա Նյուլանդն օրենսդիրներին ասել է, որ Ուկրաինա ներխուժելու Պուտինի որոշումը դարձել է պատճառ, որ նրա իսկ ժողովուրդը հայտնվի այնպիսի պատժամիջոցների ներքո, որոնք կարող են ջնջել անցած երեսուն տարիների ձեռքբերումները:
«Պուտինը փորձում է Ուկրաինան վերածել ավերակների, Ռուսաստանը վերածում է բանտի։ Վարկային քարտերն ու բանկոմատները դադարել են աշխատել, սննդամթերքի, տեխնոլոգիաների և այլ ապրանքների ներկրումները դադարում են։ Ռուսաստանի վերջին ազատ մամուլը խեղդամահ է արվել, իսկ կառավարությունը ծծում է ռուս ժողովրդին պատկանող փողերը՝ ֆինանսավորելու համար իր իսկ սկսած պատերազմը’’:
Եվ չնայած ռուսական էներգակիրների ներմուծումն արգելելու որոշումն իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ ամերիկացիների վրա, Կոնգրեսում թե դեմոկրատ եւ թե հանրապետական օրենսդիրները ողջունում են նախագահի հայտարարությունը:
Սենատոր Ռիչարդ Բլումենթալի խոսքերով, ‘’Ամերիկացիները պատրաստ են ուկրաինական դիմադրությունն աջակցելու համար գնալ զոհողությունների:
Սակայն ԱՄՆ-ի օրենսդիրները նաեւ շարունակում են ընդգծել, որ ամերիկյան աջակցությունը չի տարածվելու մինչեւ ռազմական գործողություններին մասնակցությունը:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչև այս շաբաթվա վերջ կընդունի կառավարության ծախսերի մասին օրինագիծը, որն ընդգրկում է նաեւ Ուկրաինային հատկացվելիք օգնության մասին կետը: