Մատչելի հղումներ

Ռուսաստանը հարձակվել է Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուկրաինական ռազմակայանի վրա


Լվովի մարզային ռազմական վարչությունը հայտնում է, որ ավիահարված է հասցվել Խաղաղության պահպանման և անվտանգության միջազգային կենտրոնին (Յավորովսկու զորավարժարանին): Նախնական տվյալներով՝ արձակվել է ութ հրթիռ, գրում է Ռոյթերսը։

Յավորովսկու զորավարժարանը գտնվում է ՆԱՏՕ-ի մաս կազմող Լեհաստանի հետ սահմանից մոտ 25 կմ հեռավորության վրա։

Ըստ Ռոյթերսի՝ ականատեսների վկայությամբ՝ շտապօգնության մեքենաները հրթիռակոծման վայրից տեղափոխվում էին հիվանդանոց։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Յավորովսկու զորավարժարանում աշխատել են օտարերկրյա ռազմական հրահանգիչներ։ Հայտնի չէ, թե արդյոք նրանք ավիահարվածի պահին գտնվել են ռազմակայանում, թե ոչ:

Վերջին տվյալներով, որոնք հայտնել է Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին, զոհվել է 35 մարդ, վիրավորվել՝ 143-ը։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ռուսական ավիացիան մոտ 30 հրթիռ է արձակել, սակայն դրանցից մի քանիսը հնարավոր է դարձել չեզաքացնել հակաօդային ուժերի կողմից։

Իվանո-Ֆրանկովսկու իշխանությունները հայտնել են, որ ռուսական ռազմական ինքնաթիռները հարձակվել են քաղաքի օդանավակայանի վրա և գրեթե ամբողջությամբ ոչնչացրել նրա ենթակառուցվածքը։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարձակվել են նաև Չեռնիգովի բազմահարկ հանրակացարանի շենքի վրա։ Մեկ մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը երկրի արևելքում։ Twitter-ի գրառման համաձայն՝ «Ղրիմից շարժվող ռուսական զորքերը փորձում են շրջանցել Նիկոլաևին և ծրագրում են շարժվել դեպի արևմուտք՝ դեպի Օդեսա»։

XS
SM
MD
LG