Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հրաժարվել է մարտական ​​ինքնաթիռներ փոխանցել Ուկրաինային


Պենտագոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լարվածության հնարավոր աճի բարձր ռիսկին

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները բացառեց Ուկրաինային մարտական ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ ասելով, որ իր հետախուզական մարմինների գնահատականով այդ քայլը կարող է մեծացնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախման հավանականության վտանգը:

Երեքշաբթի Վարշավան զարմացրեց Վաշինգտոնին ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչները Գերմանիայում ամերիկյան ռազմակայան փոխանցելու հրապարակային առաջարկությամբ՝ ուկրաինական օդուժի զինանոցը համալրելու համար: Կիևն ավելի վաղ Արևմուտքից մարտական ինքնաթիռներ էր խնդրել:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին բացատրել է որոշումը՝ ասելով, որ մի քանի տասնյակ ՄիԳ-29-ների փոխանցումը Ուկրաինային չի հանգեցնի արմատական փոփոխության՝ ռուսական մարտական հնարավորությունների հետ համեմատած, և ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է այլ տեսակի զենքերի մատակարարմամբ։

«Հետախուզական մարմինները կարծում են, որ ՄիԳ-29-ի փոխանցումը Ուկրաինա կարող է սխալմամբ ընկալվել որպես էսկալացիա և հանգեցնել ռուսական լուրջ պատասխանի, որը կարող է մեծացնել ՆԱՏՕ-ի հետ ռազմական էսկալացիայի հավանականությունը», - ասել է Քիրբին: «Հետևաբար, մենք բարձր ռիսկային ենք գնահատում ՄիԳ-29-ի փոխանցումը Ուկրաինային»։

Քիրբին հրաժարվել է մանրամասներ տրամադրել, թե հատկապես ինչն է ազդել ամերիկյան հետախուզության գնահատականի վրա:

ԱՄՆ-ը ձգտում է արագացնել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն երեքշաբթի օրը Վաշինգտոնը մարտական ինքնաթիռներ չի տեղափոխել ՆԱՏՕ-ի տարածքից պատերազմի գոտի։

Այս շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք Ուկրաինային առաջարկում են օդանավեր, չխոսելով կործանիչների թռիչքների մասին, ռուսական ուժերի վրա հարձակվելու համար, կարող են համարվել հակամարտության կողմ:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չի ցանկանում ուղիղ հակամարտություն միջուկային այս տերության հետ, և նախագահ Ջո Բայդենը բացառել է ԱՄՆ զորքերի ուղարկումը Ուկրաինա, ինչը, ըստ Պենտագոնի, վերաբերում է և՛ բանակին, և՛ օդային ուժերին:

Թեև Պենտագոնը հերքում է, որ Լեհաստանի առաջարկի վերաբերյալ որոշումը նոր կարմիր գիծ է ներկայացնում, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինային մարտական ինքնաթիռների մատակարարումը ևս մեկ տարբերակ է, որն առայժմ չի քննարկվում։

ԱՄՆ-ը նաև հակադարձեց Ուկրաինայի օդում «թռիչքների արգելված գոտի» ստեղծելու Կիևի կոչերին, ինչը ռազմական փորձագետների կարծիքով հավասարազոր կլինի ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելուն: Պենտագոնը մանրամասնել է ԱՄՆ դիրքորոշումը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա լեհ գործընկերոջ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում Օսթինը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին աջակցության համար։

Օսթինը հաջորդ շաբաթ կմեկնի Բրյուսել՝ բանակցություններ վարելու ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ, որտեղ Ուկրաինային օգնություն տարամդրելու հարցը անկասկած կլինի առաջնային, տեղեկացրել է Պենտագոնը:

Ուկրաինական ռազմաօդային ուժերը ներկայումս ունեն մարտունակ ինքնաթիռների էսկադրիլիաներ, և լրացուցիչ ՄիԳ-երը հիմնականում ոչ մի օգուտ չեն ունենա, ասել է Քիրբին:

«Մենք կարծում ենք, որ ուկրաինական պաշտպանությանն աջակցելու լավագույն միջոցը նրան սպառազինություն և համակարգեր տրամադրելն է, որոնք նրան ամենաշատն են անհրաժեշտ ռուսական ագրեսիան հետ մղելու համար, մասնավորապես՝ հակատանկային և հակաօդային պաշտպանության հնարավորություններ», - ասել է Պենտագոնի պաշտոնյան։v

XS
SM
MD
LG