Մատչելի հղումներ

Պենտագոնի ղեկավարները Ուկրաինա ներխուժումից հետո չեն շփվել ռուս գործընկերների հետ


Պենտագոնի խոսնակը չի հաստատել Ուկրաինայում ամերիկացի կամավորների ներկայության մասին լուրերը

ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականներից և ոչ մեկը չի խոսել իր ռուս գործընկերների հետ ինն օր առաջ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին չեն շփվել Կրեմլի իրենց գործընկերների հետ։

Մինչ ռուսական ներխուժման սկիզբը, և՛ Օսթինը, և՛ Միլին կապի մեջ էին ռուս զինվորականների հետ:

Բացի այդ, Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը փոփոխություն չի նկատել ռուսական միջուկային ուժերի տեղակայման հարցում այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր կայացրել միջուկային ստորաբաժանումների մարտական հերթապահության մասին:

«Ես չեմ կարող խոսել այն փոփոխությունների մասին, որոնք մենք նկատել ենք Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի կառուցվածքում»,- ասել է Ջոն Քիրբին։

Քիրբին նաև մեկնաբանել է ուղիղ գծի մեկնարկը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները կանխելու համար։ Նա ասաց, որ գիծը շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի օդային ուժերը պայքարում են Ուկրաինայի օդային տարածքը վերահսկելու համար, և ՆԱՏՕ-ի օդային տարածքը կարող է տուժել:

Քիրբիի խոսքով՝ ռուս զինվորականներն այժմ հարձակվում են Օդեսայի մերձակայքում գտնվող քաղաքի վրա։ ԱՄՆ-ն այժմ փորձում է պարզել, թե դա ինչ կարող է նշանակել Ուկրաինայի ամենամեծ սեւծովյան նավահանգստի համար:

Ըստ նրա՝ ռուսական զրահապատ շարասյունը դեռ փորձում է հասնել Կիև․

«Ատոմակայանի վրա հարձակումը (Էներգոդար քաղաքում՝ մոտավորապես «ԳԱ») չափազանց վտանգավոր է և կարող է շատ ավելի մեծ վնաս և ավերածություն պատճառել Ուկրաինայի բնակիչներին և, հնարավոր է, հարևան երկրների բնակիչներին», - հավելել է Քիրբին՝ մեկնաբանելով Զապորոժյեի ատոմակայանի հրթիռակոծման մասին հաղորդագրությունները։

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը չի կարողացել հաստատել Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան հայտարարություններն այն մասին, որ մոտ 3000 ամերիկացի կամավորներ այժմ կռվում են Ուկրաինայում։

«Ամերիկյան զորքերը չեն պատրաստվում կռվել Ուկրաինայում, այդ թվում՝ Ուկրաինայի երկնքում», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

«Բելառուսը մասամբ պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Նրանք ակնհայտորեն ներգրավված են պատերազմի մեջ, որը սկսվել է նախագահ Պուտինի կողմից»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ դեռևս նշաններ չկան, որ բելառուսական զորքերը պատրաստվում են ներխուժել Ուկրաինա։

XS
SM
MD
LG