Մատչելի հղումներ

Բայդեն. Ամերիկացիները չպետք է անհանգստանան Ռուսաստանի հետ հնարավոր միջուկային պատերազմի համար


Կիրակի օրը նախագահ Պուտինը կարգադրել է Ռուսաստանի «զսպման ուժերը», ներառյալ միջուկային զինատեսակները, բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի տակ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ պատասխանել է «ոչ» այն հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է անհանգստանան Ռուսաստանի հետ միջուկային պատերազմ սկսելու հնարավորությամբ։

Բայդենի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ նա մասնակցել է Սպիտակ տանը սևամորթների պատմության միամսյակին նվիրված տոնակատարությանը:

Լրագրողը նրան հարցրել է միջուկային պատերազմի վտանգի մասին՝ հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կիրակնօրյա հայտարարությունը, ըստ որի՝ նա հրամայել է երկրի միջուկային ուժերին անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։

Ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ևս մեկնաբանել է ՌԴ նախագահի միջուկային ուժերի մասին հրամանը։ Ի պատասխան հարցին Փսակին ասել է.

«Մենք կարծում ենք, որ միջուկային զենքի վերաբերյալ նման սադրիչ հռետորաբանությունը վտանգավոր է, մեծացնում է սխալ հաշվարկների վտանգը: Պետք է խուսափել դրանից, և մենք դա թույլ չենք տա։ Մենք վերլուծում ենք նախագահ Պուտինի հրամանը և այս պահին որևէ պատճառ չենք տեսնում փոխելու մեր միջուկային պատրաստության մակարդակը: Կարևոր է հիշել, որ վերջին մի քանի ամիսների և տարիների ընթացքում, երբ մենք լուրջ տարաձայնություններ ունեինք Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վաղուց արդեն պայմանավորվել են, որ միջուկային զենքի օգտագործումը կործանարար հետևանքներ կունենա, և շատ անգամ են հայտարարել, ներառյալ այս տարվա սկզբին, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և այն երբեք չպետք է սկսել», - ասել է Փսակին:

XS
SM
MD
LG