Պետքարտուղարը շնորհավորել է նաև Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսով զրուցել է Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իր գործընկերների հետ, հաղորդում է Reuters-ը: Զրույցի ընթացքում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կտրուկ դատապարտել է Ռուսաստանի «նախապես ծրագրված, չհրահրված և չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը համերաշխ է Ուկրաինայի ժողովրդի հետ։
Զրույցը համընկել է Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Էնթոնի Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ն անխոնջորեն աջակցում է Կենտրոնական Ասիայի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել C5+1 ձևաչափի պահպանման կարևորությունը, որի շրջանակներում Միացյալ Նահանգները զարգացնում է հարաբերություններն այդ երկրների հետ։