Մատչելի հղումներ

Ռուսաստանը կարող է ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի շուրջ, երկուշաբթի օրը փետրվարի 21-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի գրասենյակը: Դրա պայմանն է, որ Ռուսաստանը չներխուժի իր հարևան Ուկրաինա:

Երկուշաբթի վաղ առավոտյան հրապարակված հայտարարության մեջ Ելիսեյան պալատը նշել է, որ Մաքրոնը երկու առաջնորդներին հրավիրել է գագաթնաժողովի «Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության» հարցի շուրջ:

«Նախագահներ Բայդենը և Պուտինը երկուսն էլ ընդունել են նման գագաթնաժողովի վերաբերյալ սկզբունքները», - ասված է հայտարարության մեջ: Նման հանդիպումը սակայն անհնար կլինի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. արևմտյան երկրներն ունեն մտավախություն, որ Մոսկվան ունի նման ծրագիր: Սպիտակ տունն անմիջապես չի պատասխանել այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին, գրում է Ռոյթերս գործակալությունը:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կիրակի օրը հրաժարվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել առանց Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման փաստի՝ չնայած պատժամիջոցներ սահմանելու մասին Կիևի կոչերին: Պատժամիջոցների կիրառումը նախքան ներխուժումը կարող է հանգեցնել ճգնաժամի խորացմանը, ասում են ամերիկացի պաշտոնյաները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն այնքան վստահ են, որ Պուտինը ծրագրում է ներխուժել, ապա պատժամիջոցները պետք է սահմանվեն հենց այսօր։

Մենք Ձեր պատժամիջոցների կարիքը չենք ունենա ռմբակոծությունները սկսվելուց հետո, կամ երբ մեր պետությունը ենթարկվի գնդակոծման կամ երբ մենք այլևս սահմաններ, տնտեսություն չունենանք ու մեր պետության մի մասը օկուպացված լինի, հայտարարել է Զելենսկին։

Մյունխենում լրագրողների հետ զրույցում փոխնախագահ Քամիլա Հարիսն ասել է, որ պատժամիջոցները, որոնք կկիրառվեն, կլինեն պատմության մեջ «ամենաուժեղ» պատժամիջոցները: Միաժամանակ նա, ինչպես Բլինքենը, հույս է հայտնել, որ դիվանագիտական ուղիով խնդրի կարգավորման հնարավորություն դեռևս առկա է:

Նույն կարծիքին է նաև Պենտագոնը, որի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ռուսաստանի դեմ այսօր պատժամիջոցների կիրառումը ներխուժում կառաջացնի:

Իսկ այդ ընթացքում Մոսկվայում կայացավ Անվտանգության խորհրդի նիստ, որը գլխավորում էր նախագահ Պուտինը՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ միավորների ղեկավարության դիմումների հետ՝ դրանք ճանաչելու վերաբերյալ: Նիստի բոլոր մասնակիցներն իրենց ելույթներում հանդես եկան ի աջակցություն այս ինքնահռչակ միավորների ճանաչմանը: Իր հերթին, Պուտինը ԱԽ նիստի իր ելույթում շեշտել է, որ Ռուսաստանին սպառնացող վտանգը էականորեն կմեծանա, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ։

XS
SM
MD
LG