Մատչելի հղումներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը ԱՄՆ-ի քաղաքական պայքարի կենտրոնում


Ամերիկացի օրենսդիրները այս շաբաթ համաձայնության չեկան պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժը զսպելու համար: Չնայած տապալված ջանքերի, օրենսդիրների միասնական մոտեցումը Ռուսաստանի հնարավոր ներխուժման հացում մնում է արդիական:

Ամերիկացի սենատորները միասնական են ռուսական ագրեսիայի պարագայում Ուկրաինային աջակցելու հարցում, սակայն Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում պատժամիջոցներ սահմանելու հարցը գտնվում է փակուղում, որը լարվածություն է առաջացրել ԱՄՆ Կոնգրեսում:

Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը նշում է, որ կողմեը հիմնարար տարբերություն ունեն պատժամիջոցների օրինագծի հարցում: Դեմոկրատները կարծում են, որ անհրաժեշտ է նախորոք ընդունել օրինագիծ, որը կազդարարի ներխուժման դեպքում սահմանվող պատժամիջոցների մասին, իսկ հանրապետականները գտնում են, որ պատժամիջոցները պետք է անհապաղ սահմանվեն:

Չորեքշաբթի օրը Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան օրենսդիրներին ասել է, որ պատժամիջոցների նկատմամբ ԱՄՆ մոտեցումը կաշկանդված է եվրոպական դաշնակիցների դիրքորոշումներով:

Ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի կարծիքով՝ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է, որ պետք է գործել եվրոպացիների հետ համատեղ այս հարցում, որի արդյուքում ըստ նրա, օրինակ Գերմանիան զգալիորեն մեղմացնում է ԱՄՆ-ի պատասխանը:

Արդյուքում, ԱՄՆ Կոնգրեսում շատ հանրապետականներ զգուշացնում են, որ Պուտինին զսպելու հնարավորությունը արդեն անցել է:

Հանրապետական սենատոր Մայք Ռաունդսը կարծում է, որ ԱՄՆ արդեն ուշացել է: Կարծում եմ, որ մենք պետք է այնպես գործենք, որ պարոն Պուտինը հասկանա, որ եթե նա ներխուժի Ուկրաինա, կլինեն ծանր հետևանքներ ոչ միայն Ռուսաստանի ժողովրդի, այլ նաև իրեն շրջապատող անձանց համար, ասում է հանրապետական սենատորը:

Հանրապետականները քննադատում են նախագահ Բայդենի արձագանքը՝ այն որակելով «դանդաղ», սակայն Կոնգրեսում զգացվում է ամերիկացի օրենսդիրների միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը Ռուսաստանի ներխուժման հարցում:

Քննարկվող պատժամիջոցները ներառում են ռուսական բանկային գործունեության սահմանափակումներ, «Հյուսիսային հոսք 2» գազատարի դադարեցում և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացում:

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալն ասում է, որ անհրաժեշտ է վճռականություն և կամք միասնական փաթեթ ընդունելու համար, որը ցույց կտա Պուտինին ամերիկացի օրենսդիրների վճռականությունն ու միասնությունը ու այն բոլոր ծանր հետևանքները, որոնք կլինեն ներխուժման դեպքում: Վլադիմիր Պուտինը, կարծես, ստանում է այդ ուղերձը, շեշտում է դեմոկրատ սենատորը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շարունակել այս ռազմավարությունը:

Երեքշաբթի Ուկրաինայի վերաբերյալ նախագահ Բայդենի ելույթը դրական արձագանք ստացավ երկու կողմից, քանի որ արձանագրվում է, որ պատժամիջոցների փաթեթից զատ դեռևս առկա են տարբերակներ:

Սենատի փոքրամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը ընդգծում է, որ ինչպես նշվել է երեկ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված հայտարարության մեջ, նախագահը ունի երկկուսակցական մեծ աջակցություն՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու հարցում իրավիակի լարման դեպքում:

Գործադիր իշխանության գործողությունները կարող են դառնալ ԱՄՆ-ի առաջնային արձագանքը ռուսական ներխուժման, քանի որ ԱՄՆ Սենատի այս նստաշրջանի ավարտին մնացել է ընդամենը երկու օր:

Նյութը պատրաստվել է Քեթրին Ջիփսոնի հոդվածի հիման վրա

XS
SM
MD
LG