Պաշտոնյաները նշել են, որ ռուսական ռազմական գործողությունները կարող են ուղեկցվել ուկրաինական և ամերիկյան ցանցերի դեմ հարձակումներով
ՀԴԲ-ն և ԱՄՆ ներքին անվտանգության գերատեսչությունը զգուշացրել են իրավապահներին, ռազմական և այլ կազմակերպությունների, որոնք վերահսկում են ԱՄՆ կարևորագույն ենթակառուցվածքները, որ պատրաստ լինեն ռուսական կիբերհարձակումներին՝ կապված Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման հետ:
Տելեկոնֆերանսի ընթացքում ԱՄՆ կիբերանվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրեցին նահանգային և մունիցիպալ կառավարություններին և կիբերանվտանգության ոլորտի պաշտոնյաներին, որ ուշադրություն դարձնեն ռուսական գործունեության վրա իրենց ցանցերում:
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է սկսվել ցանկացած պահի, ասում են նրանք, և ռազմական գործողությունները, հավանաբար, կուղեկցվեն կիբերհարձակումներով, որոնք ուղղված են ինչպես ուկրաինական, այնպես էլ ամերիկյան ցանցերի դեմ:
Պաշտոնյաներն ընդգծել են, որ ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա, հավանաբար, կսկսվի օդային ռմբակոծումներով և հրթիռային հարձակումներով՝ զուգորդված կիբեր գործողություններով: