Մատչելի հղումներ

Կիբերհարձակում` ընդդեմ Ուկրաինայի կառավարության, պաշտպանության եւ անվտանգության նախարարությունների


Հինգշաբթի օրը գիշերն Ուկրաինայի պետական հաստատությունների ինտերնետային կայքերը ենթարկվել են կիբերհարձակման, որոնց մի մասն ուրբաթ օրը շարունակում էր մնալ անհասանելի: Ինչպես ‘’Ռոյթերս’’-ն է հաղորդում, երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեռեւս շատ վաղ է, ասելու համար, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետեւում: Լրատվական նույն գործակալությունը հիշեցնում է անցյալում Ռուսաստանի կողմից իրականացված նման հարձակումների մասին:

Կիբերհարձակման թիրախում հայտնված հաստատությունների շարքում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, նախարարների խորհուրդը, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության խորհուրդները: Հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կիեւն ու նրա դաշնակիցները մտահոգված են այս երկրի սահմանի երկայնքով ռուսական զորքերի կուտակման փաստով:

Հաքերային հարձակման ենթարկված հաստատությունների ինտերնետային կայքերում հայտնվել են էջեր հետեւյալ գրությամբ. ‘’Ուկրաինացիներ, ձեր մասին ամբողջ տեղեկությունը հանրայնացված է, վախեցեք եւ սպասեք ավելի վատին: Սա ձեր անցյալի, ներկայի եւ ապագայի համար է’’:

‘’Ռոյթերս’’-ը հաղորդում է նաեւ, որ ռուս դիպուկահարները հինգշաբթի օրը մասնակցում էին Ուկրաինայի սահմանի մոտ Ռոստովի մարզում անցկացվող զորավարժություններին։

Նրանք անցկացրել են քողարկման, թիրախների դասակարգման, կրակի ուղղման, դիտորդական և թիրախային սարքերի կիրառման վարժանքներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մտահոգված է Ուկրաինայի մերձակայքում Արեւմուտքի կողմից զորքեր տեղակայելու փաստով: Վաշինգտոնից այն պահանջում է թույլ չտալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ եւ դադարեցնել հյուսիսատլանտյան դաշինքի առաջխաղացումը դեպի արեւելք: Պահանջներ, որոնք Վաշինգտոնը համարում է անընդունելի ու իր հերթին հորդորում Մոսկվային հետ քաշել ռուսական ուժերն Ուկրաինայի հետ սահմանից:

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական ներխուժում սկսելու հավանականությունը մեծ է: Ռուսաստանը շարունակում է հերքել դեպի Ուկրաինա ներխուժում իրականացնելու հնարավորության մասին Արեւմուտքի կասկածները:

XS
SM
MD
LG