Մատչելի հղումներ

Կիբերհարձակում` ընդդեմ ամերիկյան ամենախոշոր խողովակաշարի


Անցյալ շաբաթ աշխատանքները դադարեցրեց ԱՄՆ-ի արեւելյան ափերը սպասարկող Colonial Pipeline անվանումը կրող խողովաշարը, որն ԱՄՆ-ում մշակված նավթ տեղափոխող խողովակաշարերի ամենամեծ ցանցն է: Պատճառը ցանցի դեմ իրականացված փրկագնային կիբերհարձակումն էր:

Փրկագնային կիբերհարձակումն այն գործողությունն է, երբ հարձակումն իրականացնող կողմը գումար է պահանջում պետական հաստատությունների կամ խոշոր ընկերությունների դեմ իրականացված նման գործողությունները դադարեցնելու դիմաց:

Ըստ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, հանցավոր այս խումբը գործում է Ռուսաստանից կամ Արեւելյան Եվրոպայից: Սպիտակ տունն այժմ սպասում է հետախուզական գործակալությունների վերջնական եզրահանգմանը:

Հաքերային գործունեությամբ հայտնի DarkSide խմբավորումը, որը հայտնի է նաեւ հարուստներից կորզելու ու գումարի մի մասը բարեգործական հաստատությունների փոխանցելու գործունեությամբ, հայտարարում է, որ պարզապես ուզում է դրամ վաստակել ու չունի քաղաքական նպատակներ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն պաշտոնական մակարդակով հերքում է իր մասնակցությունը: Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմն ապրիլ ամսին էր պատժամիջոցներ սկսել ընդդմ Ռուսաստանի`SolarWinds ընկերության դեմ կիբերհարձակում իրականացնելու մեղադրանքով:

Colonial Pipeline-ը ներկա պահին աշխատում է վերականգնել գործունեությունը: Իսկ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վառելանյութի պակասը լրացնելու համար, եւ դեպի արեւելյան ափեր է տեղափոխում մեծ քանակով վառելանյութ:

Հարկ եղած դեպքում վարչակազմը կարող է ու արդեն պատրաստ է կասեցնել դաշնային այն օրենքը, որը պահանջում է ամերիկյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացնել բացառապես Ամերիկայում կառուցված, ու Ամերիկային պատկանող նավերով:

XS
SM
MD
LG