Մատչելի հղումներ

Ֆաուչին կոչ է անում շարունակել պատվաստվել COVID-19-ի դեմ


ԱՄՆ նախագահի առողջապահության ոլորտի գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչին պատասխանել է Ամերիկայի ձայնի հարցերին՝ ԱՄՆ-ում և աշխարհում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի մասին

Միացյալ Նահանգների նախագահի առողջապահության ոլորտի գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ընդգծել է, որ այսօր կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից իրավիճակը տարբերվում է նախկինից, քանի որ, օրինակ, մեկ տարի առաջ պատվաստումն ու խթանիչը հասանելի չէին ի տարբերություն այսօրվա: Դրա հետ մեկտեղ Ֆաուչին գտնում է, որ այսօր ԱՄՆ-ում արձանագրվող կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է մնալ մտահոգիչ:

«Թվերն իսկապես մտահոգիչ են: Միջին հաշվով օրական ունենք 2000-ից ավելի մահացության դեպքեր, մոտ 156 հազար մարդ հիվանդանոցում, վարակման դեպքերն էլ միջինը կազմում են օրական 600-700 հարյուր հազար»,- ասում է Ֆաուչին:

Դրա հետ մեկտեղ Ֆաուչին արձանագրում է որոշակի դրական միտումներ երկրի որոշ հատվածներում:

«Որոշակի հուսադրող նորությունն այն է, որ երկրի շատ շրջաններում բռնկումը հասել է գագաթնակետին և արդեն անկում է ապրում։ Մենք տեսնում ենք դա հստակ, հատկապես երկրի հյուսիս-արևելյան մասերում, ինչպես օրինակ՝ Նյու Յորք քաղաքում, Չիկագոյում, մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այնուամենայնիվ, կան որոշ նահանգներ, հատկապես հարավային և արևմտյան, ուր դեռևս համավարակը շարունակում է տարածվել»,- ասում է Ֆաուչին:

Հարցազրույցի ընթացքում նա կոչ արեց շարունակել պատվաստել մարդկանց` համաճարակին դիմակայելու համար: Նա շեշտում է՝ այսօր ԱՄՆ-ում ամբողջապես պատվաստված մարդկանց թիվը կազմում է 63%, որը նշանակում է, որ ամերիկացիների շուրջ 37%-ը ամբողջապես կամ ընդհանրապես պատվաստված չէ:

Ֆաուչին կարևորում է ԱՄՆ-ի ջանքերը կորոնավրուսի դեմ գլոբալ պայքարում, մասնավորապես Միացյալ Նահանգների ստանձնած պարտավորութունը միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութ և դեղամիջոցներ տրամադրելու հարցում:

«Ավելի քան 400 միլիոն պատվաստանյութի չափաբաժին է տրամադրվել ավելի քան 115 երկրներին: Միացյալ Նահանգներն ընդհանուր խոստացել է 1.1 միլիարդ չափաբաժին մատակարարել այս պահից մինչև ընթացիք տարվա կեսերը»,- նշել է նա:

Անդրադառնալով պատվաստանյութերի ունեցած ազդեցությանը՝ Ֆաուչին հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստանյութերի ստեղծումն ու դրանց ստեղծման հարցում կուտակած փորձն այսօր չափազանց օգտակար է՝ այլ վիրուսների դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, ինչպիսին է օրինակ ՄԻԱՎ-ը: Վերջինիս դեմ պատվաստանյութի ստեղծումը նախկինում հաջողությամբ չի պսակվել, սակայն այժմ, ըստ Ֆաուչիի, այս ուղղությամբ աշխատանքները կվերսկսվեն՝ կորոնավիրուսային պատվաստանյութերի արձանագրած հաջող արդյունքների հիման վրա:

XS
SM
MD
LG