Կորոնավիրուսի տարածումը կանխելու աշխատանքները տալիս են դրական արդյունք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի կողմից նշանակված կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպող խմբի անդամ Էնթոնի Ֆաուչին: ԱՄՆ-ի Ալերգիաների եւ վարակիչ հիվանդությունների ազգային հաստատության տնօրեն Ֆաուչիի խոսքերով, ‘’Երբ հիվանդության նոր դեպքերի աճը սկսում է դանդաղել, ավելի փոքր թվով մարդիկ են տեղափոխվում հիվանդանոցներ, եւ ավելի փոքրաթիվ մարդիկ են մահանում’’: Նա ասում է, թե կան առաջընթացի նշաններ եւ շատ չնչին դրական զարգացումներ նաեւ` Նյու Յորքում: ‘’Մեր նպատակն է առաջին հերթին օգնել գլխավոր թիրախներ դարձած Նյու Յորքին ու Նյու Ջերսիին` հասնելու համար շրջադարձային կետին: Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք դա անել’’, ասել է նա:
ԱՄՆ-ում երեքշաբթի օրվա տվյալներով կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3500-ի:
Մարդկանց մեծ մասի մոտ նոր կորոնավիրուսը առաջացնում է մեղմ կամ չափավոր ախտանշաններ, ինչպիսիք են տենդը և հազը, որոնք անցնում են երկուսից երեք շաբաթվա ընթացքում։ Սակայն տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց համար վարակը կարող է ավելի ծանր ընթանալ՝ թոքաբորբի զարգացումով և ընդհուպ մինչև մահվան ելքով։ Վարակված մարդկանց մեծ մասը ապաքինվում է։