Մատչելի հղումներ

Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ դիտարկում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ


Բայդենի վարչակազմը աշխատում է եվրոպական երկրների և ամբողջ աշխարհում էներգաարտադրողների հետ՝ արևմտյան Եվրոպայի երկրներ վառելիք մատակարարելու ուղիների համար, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրճատի նավթի և գազի արտահանումը ի պատասխան Ուկրաինա ներխուժման դեմ սահմանված պատժամիջոցների:

«Մենք աշխատում ենք ոչ ռուսական բնական գազի լրացուցիչ ծավալներ բացահայտելու ուղղությամբ աշխարհի տարբեր կողմերից Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Միացյալ Նահանգներ», - երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Արտակարգ իրավիճակների պլանի նպատակն է մեղմել եվրոպացի դաշնակիցների մտահոգությունները, որոնք կապված են Ռուսաստանի կողմիցիր էներգակիրների օգտագործման հետ: Մոսկվան ապահովում է Եվրոպայի բնական գազի մատակարարման մոտավորապես 40%-ը, իսկ եվրոպական էներգակիրների պաշարները վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն նվազել են ռուսական մատակարարումների կրճատման պատճառով:

Վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ընդգծել է, որ նավթի և գազի արտահանումը կազմում է Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտների մոտ կեսը, ինչը նշանակում է, որ Մոսկվան նույնքան կախված է իր էներգետիկ եկամուտներից, որքան Եվրոպան՝ իր մատակարարումներից:

«Եթե Ռուսաստանը որոշի օգտագործել որպես զենք իր բնական գազի կամ նավթի մատակարարումները, դա անհետևանք չի մնա Ռուսաստանի տնտեսության համար»,- ասել է պաշտոնյան:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել է հաստատել այն տեղեկությունը, որ Քաթարն այն երկրներից մեկն է, որին դիմում են ԱՄՆ-ը և եվրոպական դաշնակիցները:

«Մեր մոտեցումը չի վերաբերում որևէ երկրի կամ որևէ առանձին սուբյեկտի», - ասաց նա երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում՝ ավելացնելով, որ վարչակազմը համագործակցում է հեղուկ բնական գազի հիմնական գնորդների և մատակարարների հետ՝ գոյություն ունեցող պայմանագրերում ճկունությունն ապահովելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ուղղել այն դեպի Եվրոպա:

Նախագահ Ջո Բայդենը հունվարի 31-ին Սպիտակ տանը կհանդիպի Քաթարի ամիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Սպիտակ տան տեղեկությամբ՝ համաշխարհային էներգիայի մատակարարումների կայունության ապահովումը կլինի առաջնորդների քննարկման թեմաներից մեկը:

Թեև արտակարգ իրավիճակների պլան ունենալը կարևոր է, վերլուծաբաններն ասում են, որ հեշտ չի լինի փոխարինել գոյություն ունեցող ենթակառուցվածքը, հատկապես ներկայիս համաշխարհային մատակարարման շղթայի ճգնաժամի պայմաններում:

«Պատկերացրեք, որ գազատարը մի ծորակ է, որը գերարդյունավետ է», - ասում է ԱՄՆ-ում Մարշալի հիմնադրամի ավագ վերլուծաբան Քրիստինե Բերզինան: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նա ասել է, որ արտակարգ իրավիճակների պլանը «ավելի շատ նման է դույլի, քան ծորակի»:

ԱՄՆ-Եվրոպա միասնություն

Երկուշաբթի օրը Բայդենն ասել է, որ արևմտյան տերությունների միջև կա լիակատար փոխըմբռնում Ուկրաինայի վրա Ռուսաստանի ճնշման հարցում։

«Ես շատ, շատ, շատ լավ հանդիպում ունեցա՝ լիակատար փոխըմբռնում բոլոր եվրոպացի առաջնորդների հետ»,- ասաց Բայդենը լրագրողներին՝ ռուս-ուկրաինական սրվող հակամարտության վերաբերյալ եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսից անմիջապես հետո:

Որոշ վերլուծաբաններ, սակայն, ասում են, որ Բայդենը գուցե գերագնահատում է միասնության մասին խոսակցությունները:

«Եվրոպայում մարդիկ այնքան էլ ուրախ չեն, որքան այստեղ՝ Միացյալ Նահանգներում», - ասում է Նյու Յորքում The New School հաստատության միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Նինա Խրուշչովան:

Ամիսներ շարունակ ԱՄՆ-ը և եվրոպացի դաշնակիցները նախազգուշացրել են արագ և ծանր տնտեսական հետևանքների մասին, եթե Պուտինը ներխուժի Ուկրաինա: Բայց որոշ եվրոպացի դաշնակիցներ մտահոգված են իրենց տնտեսությունների վրա դրա ազդեցությունից, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարման հարցով, հատկապես ձմռան ամիսներին:

Գերմանիան հատկապես կախված է ռուսական էներգակիրներից։ Բեռլինը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, թե արդյոք պատերազմի դեպքում պատրաստ է փակել նոր ավարտված «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը բնական գազ է մատակարարում ԳերմանիայինՌուսաստանից:

«Չնայած Ռուսաստանի շուրջ միասնական Արևմուտքի այս բոլոր խոսակցություններին, այն այնքան էլ միասնական չէ»,- ասել է Խրուշչովան։ «Եվ Պուտինը գիտի դա»:

Երեքշաբթի օրը Բայդենը կրկնել է իր դիրքորոշումը։ «Ես Պուտինին նախօրոք զգուշացրել եմ, որ եթե նա առաջ շարժվի դեպի Ուկրաինա, ապա կլինեն հետևանքներ»,- ասել է նա։

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ ռուսական պատժամիջոցների վերաբերյալ իր կոշտ հռետորաբանությամբ առաջ շարժվելիս Բայդենը պետք է նկատի ունենա եվրոպական առաջնորդների քաղաքական հաշվարկները:

«Արևմտյան Եվրոպայի բնակչությունը պարտադիր չէ, որ պատրաստ լինի տառապել հանուն Ուկրաինայի», - ասում է Բերզինան:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ը 8500 զինվորներ պատրաստության բերեց՝ Արևելյան Եվրոպա հնարավոր տեղափոխման համար ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ճգնաժամի լարվածության պայմաններում. այստեղ Պուտինը տեղակայել է 127,000 զինվորականներ, ըստ ԱՄՆ-ի և Ուկրաինայի գնահատականների:

Ռուսական զորքերի տեղակայումը նման է Մոսկվայի 2014 թվականի քայլերին, երբ այն գրավեց Ղրիմը, որի արդյունքում սահմանվեցին մի շարք միջազգային պատժամիջոցներ Մոսկվայի դեմ: Դրանք, սակայն, ի վերջո, չկարողացան զսպել Պուտինի կողմից թերակղզու անեքսիան:

Երկու երկրներն էլ երեքշաբթի ակտիվացրել են իրենց ռազմական նախապատրաստական աշխատանքները. Մոսկվան մի շարք զորավարժություններ է անցկացրել, իսկ Վաշինգտոնը զենքի նոր խմբաքանակ է փոխանցել Ուկրաինային:

Հեղինակներ՝ Փեթսի Վիդակուսվարա / Արամ Ավետիսյան

XS
SM
MD
LG