Մատչելի հղումներ

Եվրահանձնաժողովի ղեկավար. Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին


Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ուրբաթ օրն ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության կարգավորման հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության կարեւորությունը: Այս մասին հայտնել է ‘’Ֆրանս պրես’’ լրատվական գործակալությունը:

Հաջորդ շաբաթ Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անցկացվելիք անվտանգության բանակցություններից առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ֆոն դեր Լեյենը Փարիզում ասել է. ‘’Ինչպիսին էլ որ լինի որոշումը, Եվրոպան պետք է մասնակցի դրա ընդունմանը»:

Նա ընդգծել է Եվրամիության «զգալի ներկայությունը» Ուկրաինայում, որն այստեղ ցուցաբերել է 6,7 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն` հավելելով, որ ԵՄ-ն մեծապես կախյալ է Ուկրաինայից, որպես Ռուսաստանից գազի ներկրման տարանցիկ հանգույց:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով ֆոն դեր Լեյենի հետ, ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները համարվում են իրադարձությունների դրական զարգացում: Նրա խոսքերով, այդ բանակցություններն ընդհանուր առմամբ չեն ազդի «եվրոպական անվտանգության կառուցվածքի» վրա:

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Եվրամիությանը սեփական բանակցությունները վարել Մոսկվայի հետ։ «Երկխոսությունը չի նշանակում, որ մենք պետք է գնանք զիջումների»,- ասել է Մակրոնը:

Ավելի ուշ նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում ասել է, որ ծրագրում է մոտ ապագայում բանակցություններ վարել Պուտինի հետ՝ քննարկելու թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված հարցեր: Սակայն մանրամասներ նա չի հայտնել և չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվես Լե Դրիանի խոսքերով, «Պուտինն առաջարկել է ՆԱՏՕ-ի հետ քննարկել ազդեցության գոտիների շուրջ անցյալին վերադառնալու հարցը, ինչը կնշանակի, որ Ռուսաստանը կվերականգնի Յալթայի համաձայնագրերի ոգին»: Լե Դրիանը նկատի ունի Երկրորդ աշխարհամարտը, երբ Խորհրդային Միությունը վերահսկողություն ձեռք բերեց արևելյան Եվրոպայի իր հարևանների նկատմամբ:

«Սա մեր տեսակետը չէ, բայց մենք պետք է քննարկենք այն», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Լե Դրիանը ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հետագա ռազմական ներխուժումը կհանգեցնի «լուրջ ռազմավարական հետևանքների», այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցով:

Նա ասել է, որ չնայած Պուտինի հավաստիացումներին, որ Մոսկվան սկսում է զորքերը դուրս բերել տարածաշրջանից, Փարիզը դեռ չի տեսնում դա իրականում։

Հինգշաբթի օրը ֆրանսիացի և գերմանացի բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ Մոսկվայում՝ արևելյան Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսման ջանքերի շրջանակներում:

XS
SM
MD
LG