Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը վնասվածքներ է ստացել երկրի մայրաքաղաք Սանայում գտնվող իր նստավայրի ուղղությամբ բացված հրետանային կրակի պատճառով:
Պաշտոնատար անձանց համաձայն, նախագահը շուտով պետք է հանդես գա ուղերձով` ընդդիմության կողմից իր մահվան մասին հաղորդագրությունները հերքելու նպատակով:
Հարձակման պատճառով վնասվածքներ են ստացել բարձրաստիճան մի քանի այլ պաշտոնատար անձինք, որոնց թվում է երկրի վարչապետը, զոհվել է նախագահի պահակազորի մի քանի զինծառայող:
Ընդդիմադիր հեռուստաալիքների կողմից տարածված հաղորդագրության համաձայն, հրետանային հարձակման ժամանակ Սալեհը եղել է իր նստավայրի տարածքում գտնվող մզկիթում:
Սանայում մարտերը սաստկացել են ուրբաթ առավոտյան` կառավարական ուժերի կողմից ընդդիմադիր հեռուստակայանի կենտրոնական գրասենյակը ոչնչացնելուց հետո:
Հետզհետե սաստկացող բախումները մոտեցնում են երկրում համընդհանուր քաղաքացիական պատերազմի ծավալումը:
Կառավարական ուժերի համաձայն, բախումների ընթացքում այս շաբաթ իրենց կողմից ոչնչացվել է ընդդիմադիր ուժերի 50 մարտիկ: