Եմենում զինյալները զբաղեցրել են հարավային քաղաքներից մեկի մի քանի շրջան

Եմենի անվտանգության ուժերի համաձայն, մահմեդական զինյալները վերահսկողություն են հաստատել հարավային Ջաար քաղաքի որոշ շրջանների նկատմամբ՝ ստիպելով կառավարական ուժերին նահանջել այս տարածքից։

Երկրի Մարիբ նահանգում կիրակի օրը զինյալների հարձակման պատճառով զոհվել է այս երկրի բանակի վեց, վնասվածքներ ստացել՝ չորս զինծառայող։ Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է «ալ-Քաիդա»-ի զինյալների կողմից։

Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է «մի քանի ժամից հրաժարական ներկայացնել», եթե ընդդիմախոսները «արժանապատվորեն հեռանալու» հնարավորություն տրամադրեն իրեն։ Սալեհը, սակայն, խոստացել է նույնիսկ հրաժարական ներկայացնելուց հետո պահպանել կառավարող կուսակցությունում իր ղեկավար դերը և պնդել, որ չի լքի իր երկիրը՝ նշելով, թե «չի նախատեսում Փարիզում կամ Ջեդայում առանձնատուն գնել»։

Սալեհը նախազգուշացրել է նաև, որ Եմենը «ժամանակային ռումբ» է, որտեղ կարող է Սոմալիի նման քաղաքացիական պատերազմ սկսվել։