«Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդես Վաշինգտոնում

«Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարան»-ը Վաշինգտոնում բացել է «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանացի ականատեսների կողմից արված լուսանկարները:

Այս մասին չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը, որի համաձայն ցուցահանդեսն անցկացվում է ԱՄՆ-ի Կապիտոլիումի մոտակայքում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցում:

Ըստ հաղորդագրության, ցուցահանդեսի անցկացումը հնարավոր է դարձել եվրոպական արխիվներում կատարված մի քանի տարվա ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ լուսանկարներ ցուցադրվել են առաջին անգամ՝ տասնամյակներ շարունակ մոռացության մատնվելուց հետո:

Լուսանկարների վրա պատկերված են հայ գաղթականներն աքսորի ճանապարհին: Լուսանկարներին կից ներկայացված են հեղինակների օրագրային գրառումները և հուշագրությունները, որոնք վկայում են լուսանկարների վավերականության մասին: