«Վիքիլիքս». Հայաստանի կողմից Բուլղարիայից գնված զենքերը հայտնվել էին Իրանում

«Վիքիլիքս». Հայաստանի կողմից Բուլղարիայից գնված զենքերը հայտնվել էին Իրանում

«Վիքիլիքս»-ի կողմից հրապարակված փաստաթղթերի հերթական խմբաքանակում նկարագրվում են ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից գործադրվող ջանքերը` միջազգային մակարդակով զենքի ավելի քան տասներկու գործարքներին միջամտելու փորձերը:

Այդ գործարքներում ներգրավված են եղել Ուկրաինան, Բուլղարիան, Հայաստանը և Չինաստանը, որոնք զենք են վաճառել Իրանում, Իրաքում, Եմենում և հարավային Սուդանում գտնվող գնորդներին:

Բրիտանական «Գարդիան» օրաթերթի փոխանցմամբ, «Վիքիլիքս»-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերում նկարագրվում է, թե ինչպես են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հաճախակի բավական անկեղծ մտքեր փոխանակում խորհրդային նախկին պետությունների կառավարությունների հետ` հասցեագրելով Վաշինգտոնի աճող մտահոգությունը Մերձավոր Արևելքի պետություններում զենքի տարածման վերաբերյալ:

Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ 2008 թվականին ԱՄՆ-ի այնժամյա արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը կարգադրել էր Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագետներին երկրի ղեկավարությանը բողոք ներկայացնել այն մասին, որ Բուլղարիայից գնված որոշ զենքեր օգտագործվել են Իրաքում ԱՄՆ-ի ուժերի դեմ և դարձել ԱՄՆ-ի զինծառայողների մահվան պատճառ:

ԱՄՆ-ի դիվանագետները մեղադրել էին Հայաստանի պաշտպանության նախարարին` Բուլղարիայում արտադրված 100 միավոր «ՌՊԳ-22» հակատանկային հրթիռների և գնդացիրների վաճառքի գործարքին անձնապես օժանդակություն ցուցաբերելու մեջ: Իրանին վաճառված զենքի գրեթե 10 տոկոսը բռնագրավվել էր Իրաքում գործող շիա զինյալներից` ԱՄՆ-ի զինծառայողների վրա 2008 թվականին մարդկային զոհերի պատճառ դարձած հարձակումներից հետո: Չնայած Հայաստանի կառավարության կողմից տրված երաշխիքներին այն մասին, որ Բուլղարիայում գնված զենքն օգտագործվելու է միայն Հայաստանում, Իրաքում ԱՄՆ-ի ուժերը հայտնաբերել են երկու միավոր զենք, որոնց հերթական համարները համապատասխանել են ի սկզբանե Հայաստանին վաճառված զենքին:

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներով հայտարարությամբ հանդես գալուց առաջ ամերիկյան դիվանագետները իրենց հայաստանյան գործընկերներին հայտնել են, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ բարեկամական երկիրը դառնա Իրանին զենքի ապօրինի վաճառքի տարանցման կետ` մանավանդ, որ փաստացիորեն ապացուցվել է Իրանի կողմից ահաբեկչության հովանավորումը», - հաղորդում է բրիտանական «Գարդիան» օրաթերթը: