«Վիքիլիքս» կայքն ուրբաթ օրը փորձում էր մնալ առցանց, քանի որ կայքի համակարգչային սերվերների վրա իրականացված բազմաթիվ հարձակումները ստիպել են փաստաթղթերի հրապարակումներ իրականացնող կազմակերպությանը փոխել կայքի տիրույթը և այն գործուն պահելու համար անցել երկրից երկիր:
Միաժամանակ, կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական «Գարդիան» թերթին տված առցանց հարցազրույցում ասել է, որ ինքն ու իր գործընկերներն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում` «իրենց կյանքին սպառնացող վտանգի պատճառով»:
Կազմակերպության «wikileaks.org» հասցեով կայքը այլևս չի գործում: «EveryDNS.net» տիրույթի անուններ տրամադրող ամերիկյան կազմակերպությունը «Վիքիլիքս»-ին հինգշաբթի օրն ուշ երեկոյան դադարեցրել է ինտերնետային մուտք մատուցելու ծառայությունները` որպես պատճառ նշելով հաքերների շարունակվող հարձակումները, որոնք վտանգում են ընկերության ամբողջ ցանցի կայունությունը:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, «Վիքիլիքս»-ի կայքն այժմ գործում է Շվեյացարիայում գտնվող «wikileaks.ch» հասցեով, որը պատկանում է երկու տարի առաջ ձևավորված, տեղեկությունների ազատության և տեխնոլոգիաների ոլորտում խելամիտ քաղաքականություն իրականացնելուն կողմ հանդես եկող «Swiss Pirate Party» քաղաքական խմբավորմանը: