Լոնդոնի դատարանի որոշման համաձայն գրավի դիմաց բանտից ազատ արձակվելուց հետո, «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը «զրպատրության շատ լավ կազմակերպված քարոզարշավի» զոհ է դարձել:
Այս մասին Ասանժը հայտնել է ուրբաթ օրը «Էն-Բի-Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ջուլիան Ասանժը տնային կալանքի տակ է գտնվում Անգլիայի առանձնատներից մեկում: Նրան կարող են հանձնել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է սեռական հանցագործություններ կատարելու մեջ:
«Վիքիլիքս»-ի հիմնադիրն ասել է, թե ավելի շատ մտահոգված է իրեն ոչ թե Շվեդիային, այլ ԱՄՆ-ին հանձնելու հնարավորությամբ:
Ասանժն ու նրա փաստաբաններն անհանգստացած են, որ ԱՄՆ-ի դատախազները ծրագրում են նրա դեմ լրտեսության մեղադրանքներ ներկայացնել` կայքում ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերը հրապարակելու պատճառով:
Ավստրալիայի ոստիկանությունը հրաժարվել է «Վիքիլիքս»-ի գործով հետագա հետաքննություն անցկացնելուց` նշելով, որ կայքը և կայքի հիմնադիրը չեն խախտել իր իրավասության տակ գտնվող որևէ օրենք:
«Վիքիլիքս» կայքը շարունակում է հրապարակել ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի հեռագրերը` առաջ բերելով բազմաթիվ պետությունների կառավարությունների զայրույթը: