ԱՄՆ-ը և Վատիկանը դատապարտում են Ղուրանը այրելու ծրագրերը

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող ավետարանական փոքր եկեղեցում Ղուրան այրելու ծրագրերը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն անվանել է «անհարգալից և խայտառակ գործողություն»:

Այս հայտարարությամբ նա հանդես է եկել երեքշաբթի օրը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունում մահմեդական Ռամադան սուրբ ամսվա ընթացքում պահպանվող պահքի ավարտը նշանավորող ճաշկերույթի ժամանակ:

Եկեղեցու կողմից Ղուրան այրելու ծրագրերը քննադատել է նաև Վատիկանը: Չորեքշաբթի օրը Վատիկանի միջկրոնական երկխոսության խորհուրդը հայտարարել է, որ բոլոր կրոններն ունեն իրենց սուրբ գրքերը, պաշտամունքի վայրերը և խորհրդանշանները պաշտպանելու իրավունք: Խորհրդի համաձայն, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման նման «բռնության ցավալի գործողություններին» ի պատասխան, չպետք է կատարվեն ատելության այլ գործողություններ:

Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար գեներալ Դեյվիդ Փետրեուսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը զգուշացրել են, որ միայն 50 հետևորդ ունեցող այդ անկախ ավետարանական եկեղեցու կողմից մահմեդական սուրբ գրքի նախատեսված այրումը կարող է մեծ վտանգի տակ դնել Արևմտյան երկրների զինված ուժերի զինծառայողներին:

Եկեղեցու քահանա Թերի Ջոնսն ասում է, որ լուրջ է վերաբերվում արտասահմանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ հնարավոր բռնությունների մասին նախազգուշացումներին, սակայն իր հետևորդները, ասում է նա, որոշել են, այնուամենայնիվ, իրականացնել բողոքի այս գործողությունը, որը համընկնում է ԱՄՆ-ի դեմ ուղղված ահաբեկչական հարձակման իններորդ տարելիցի հետ: