Կոնգրեսի և նահանգապետների ընտրությունների նախօրեին անցկացվող հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցության համար այս ընտրությունները կարող են դառնալ մեծ նվաճումների ժամանակ:
«Գելափ» հետազոտական կազմակերպության հասարակական կարծիքի հարցման համաձայն, հանրապետականները դեռևս հնարավորություն ունեն իրենց վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը: Դեմոկրատներն այժմ մեծամասնություն են կազմում ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում: Սենատում մեծամասնության հասնելու համար հանրապետականներին անհրաժեշտ է ստանալ 10 տեղ, սակայն վերլուծաբաններից շատերի կարծիքով, հանրապետականներին դա չի հաջողվի:
Նախընտրական գործունեությունը անցյալ մի քանի օրվա ընթացքում մեծ աշխուժություն է ապրել: Խոշորագույն երկու կուսակցությունները փորձում են խրախուսել ընտրողներին` նրանց ձայները գրավելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը մասնակցել է Ռոդ Այլենդ նահանգում անցկացվող նախընտրական արշավին, իսկ առաջին տիկին Միշել Օբաման` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ միասին մասնակցում էր Սան Ֆրանցիսկոյում անցկացվող նախընտրական արշավին:
ԱՄՆ-ի նախագահը վերսկսելու է դեմտոկրատ թեկնածուներ օգտին նախընտրական արշավը այս շաբաթվա վերջում:
Գալիք ընտրություններում պայքարը ծավալվելու է Ներկայացուցիչների պալատի բոլոր` 435 տեղերի, և ԱՄՆ-ի Սենատի 100-ից 37 տեղերի համար: