Միացյալ Նահանգների իշխանությունները դատապարտել են Իրանին «Թեհրանում վիրտուալ դեսպանություն» կայքը վերջինիս աշխատանքի մեկնարկից մի քանի ժամ անց արգելափակելու համար:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը տարածած իր հաղորդագրությունում ասել է, որ «դիմելով նման գործողության՝ Իրանի կառավարությունը կրկին ցուցադրել է երկրի ժողովրդի շուրջ հսկողության և գրաքննության էլեկտրոնային վարագույր կառուցելու իր մտադրությունը»:
Սպիտակ տան հաղորդագրությունում ասվել է նաև, թե «Թեհրանի կողմից իր քաղաքացիներին տեղեկություններ ստանալու հնարավորության սահմանափակման, ինչպես նաև Իրանի ժողովրդին տրամադրվող տեսողական և լսողական տեղեկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը 21-րդ դարում դատապարտված են տապալման, քանի որ ամբողջ աշխարհում տեխնոլոգիան մարդկանց նոր հնարավորություններ է տրամադրում»:
Իրանի իշխանությունների կողմից այս քայլը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ Լոնդոնում կայացել է հեռահաղորդակցման միջազգային հինգ գործակալությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Իրանի նման պետություններում գործակալությունների կողմից տարածվող տեղեկությունների ազատ մուտքն արգելելու նպատակով ռադիոազդանշանների խլացմանն ուղղված կանխամտածված գործողությունները:
«Ամերիկայի Ձայն»-ը՝ «Բի-Բի-Սի», «Դոյչե Վելլե», «Աուդիովիզուել Էքստերիո դե լա Ֆրանս» և «Ռադիո Նեզերլանդս Ուորլդուայդ» կազմակերպությունների հետ համատեղ չորեքշաբթի օրը ստորագրել է հայտարարություն, որտեղ դատապարտվել է նման գործելակերպը և կոչ է արվել դադարեցնել այն:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը մեկնարկել է առցանց ինտերակտիվ «Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության» աշխատանքը, որի նպատակն է՝ վերականգնել իրանցիների և ամերիկացիների միջև կապը, որը գոյություն ուներ մինչև 30 տարի առաջ երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների խզումը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ինտերնետային աննախադեպ այս ծրագիրն անվանել է «երկու ժողովուրդների միջև առանց վախի հաղորդակցման միջոց»: Կայքում տեղադրված իր ողջույնի խոսքում Քլինթընը նշել է նաև, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ Իրանի քաղաքացիներն այժմ կարող են ծանոթանալ Միացյալ Նահանգներում ուսման հնարավորությունների կամ այցելության համար արտոնագրեր ստանալու մասին տեղեկություններին:
Արտգործնախարարության պաշտոնատար անձանց համաձայն, առցանց այս նախագիծն ուղղված է շրջանցելու «Թեհրանի կողմից երկրի քաղաքացիների և արտաքին աշխարհի միջև համացանցի միջոցով հաղորդակցելու հնարավորությունը խաթարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային վարագույրը»:
Արտգործնախարար Քլինթընը նման կայք ստեղծելու մասին մտահղացման մասին հայտարարությամբ հանդես էր եկել դեռևս այս տարվա հոկտեմբերին «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությանը տված իր հարցազրույցում:
Իրանի իշխանությունները քննադատել են Քլինթընի հայտարարությունը՝ ասելով, որ նախագիծը հաջողություն չի ունենա:
ԱՄՆ-ի իշխանությունները սակայն վստահություն են հայտնել, որ նոր նախագիծը ժողովրդականություն կվայելի, քանի որ այս տարվա սկզբին Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից «Facebook» կայքում ստեղծված էջը օրական գրանցում է մոտ մեկ միլիոն այցելու:
ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանություն» կայքի անգլերեն տարբերակին կարելի է ծանոթանալ «Tehran.usembassy.gov» կամ «iran.usembassy.gov» հասցեներով, իսկ պարսկերեն տարբերակին՝ «Persian.iran.usembassy.gov» հասցեով: