ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը կրճատելու է ծախսերը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական հիմնական հրամանատարություններից մեկի լուծարման, ինչպես նաև ֆինանսական միջոցներ խնայելու և տնտեսական դժվարությունների պայմաններում իր ղեկավարած նախարարության` երկիրը պաշտպանելու ունակությունը պահպահելու նպատակով ձեռնարկվող այլ քայլերի մասին:

Երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարն ասել է, որ հաջորդ տարվա ընթացքում դադարեցնելու է նախարարության տասը հիմնական հրամանատարություններից մեկի` Համատեղ ուժերի հրամանատարության գործունեությունը:

Վիրջինիա նահանգում տեղակայված, 2800 աշխատող ունեցող այդ կազմակերպության տարեկան բյուջեն կազմում է 340 միլիոն դոլար:

Ռոբերթ Գեյթսը հայտարարել է նաև մի շարք կրճատումների մասին, որոնք, ի թիվս այլոց, նախատեսված են պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան սպաների, քաղաքացիական և պայմանագրային աշխատողների թվի կտրուկ կրճատման համար:

Նախարարի խոսքերով, պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ է կատարել բավականաչափ խնայողություններ` մոտակա տարիներին կես տրիլիոն դոլար կազմող իր հիմնական բյուջեի դանդաղ աճին հակազդելու համար:

Ռոբերթ Գեյթսի խոսքերով, Իրաքում և Աֆղանստանում վարվող պատերազմները նախարարության բյուջեի համար խնդիր չեն ներկայացնում: