ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նորեկ անդամներ, Կալիֆոռնի նահանգը ներկայացնող հանրապետական Ջեֆ Դենհամն ու Կոլորադո նահանգը ներկայացնող իր համակուսակից Քորի Գարդները, միանալով Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ, Իլինոյս նահանգը ներկայացնող հանրապետական Ռոբերտ Դոլդին, կոչ են արել իրենց գործընկերներին միանալ մարդու իրավունքների ոլորտի այս հիմնական օրինագծին:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, որպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ առաջին անգամ ընտրված կոնգրեսականներին ուղղված իրենց ուղերձում կոնգրեսականներ Դոլդը, Դենհամը և Գարդները, մասնավորապես, նշել են. «Մենք, որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի 112–րդ նստաշրջանի անդամներ, ընտրվել ենք ոչ միայն երկրում իրավիճակը բարելավելու, այլև «ստատուս քվո»-ն փոխելու համար»։
«Ամոթալի երևույթ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - գրում են կոնգրեսականները: - «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես միանա իր ընտրողների և աշխարհում սփռված մարդկանց ձայներին և հանդես գա Հայոց ցեղասպանության շարունակական մերժման ընդդեմ», - նշված է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներին կոնգրեսականներ Դոլդի, Դենհամի և Գարդների ուղերձում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձևը ներկայում սատարում է ԱՄՆ-ի ավելի քան 80 կոնգրեսական: