ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը վրդովված է Լիբիայում մարդկային զոհերի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա կատարված հարձակումներով: Նա այս երկրի ղեկավար Մուամար Քադաֆիից պահանջել է անմիջապես վերջ տալ բռնություններին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ տեսել է Լիբիայի անվտանգության և զինված ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների կողմից ցուցարարների վրա բացած կրակի «ցնցող տեսարաններ», ու դրանք անվանել «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում»։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը հրատապ խորհրդակցություններ է անցկացնելու Լիբիայում խռովությունների վերաբերյալ։ ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցչի տեղակալ Իբրահիմ Դաբաշին է պահանջել այս հանդիպման անցկացումը՝ միանալով Քադաֆիի դեմ հանդես եկող ուժերին և հանդես գալով նրա հրաժարականը պահանջող կոչերով։
Դաբաշին ասել է, որ ինքը և Նյու Յորքում գտնվող Լիբիայի այլ դիվանագետներ պահանջում են միջազգային պատժամիջոցներ կիրառել Լիբիայի ղեկավարի նկատմամբ՝ երկրի ժողովրդի դեմ, իրենց խոսքերով, «ցեղասպանություն» իրականացնելու պատճառով։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը կոչ է արել անցկացնել Լիբիայում քաղաքացիական անձանց վրա կատարվող «համակարգված և համատարած» հարձակումների միջազգային հետաքննություն։ Նրա կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում նա ասել է, որ այս հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։