Մեծ Բրիտանիայի վարչապետը «միանգամայն դեմ է Շոտլանդիայի անջատման գաղափարին»

Մեծ Բրիտանիայի վարչապետը «միանգամայն դեմ է Շոտլանդիայի անջատման գաղափարին»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Էդինբուրգ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ ինքը միանգամայն դեմ է Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման գաղափարին:

Վարչապետ Քեմերոնը Շոտլանդիայի խորհրդարանին հինգշաբթի օրը հայտնել է, որ ինքն ամեն ինչ կանի` Միացյալ Թագավորության ամբողջականությունը պահպանելու համար:

«Իմ փաստարկը պարզ է: Իհարկե, Շոտլանդիան կարող է ինքնուրույն կառավարել երկիրը: Դա կարող է անել նաև Անգլիան: Բայց ես կարծում եմ` մենք համատեղ դա շատ ավելի լավ ենք անում», - ասել է Քեմերոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հինգշաբթի օրը հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդի հետ, ով կոչ է անում հանրաքվե անցկացնել 2014 թվականի սեպտեմբերին` 2016 թվականի նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետը փորձել է համոզել Շոտլանդիայի օրենսդիրներին, որ այդ քայլը վտանգավոր է՝ ասելով, որ «Շոտլանդիան մեր համատեղ հայրենիքից անջատելու շոտլանդական Ազգային կուսակցության մտադրությունը վտանգավոր է»:

Սալմոնդը չորեքշաբթի օրը հայտնել է, որ 300 տարի Անգլիայի իշխանության տակ գտնվելուց հետո ամբողջական անկախություն ձեռք բերելով` Շոտլանդիան կարող է ավելի մեծ թափով զարգանալ` օգտագործելով վերականգնվող էներգիայի այնպիսի աղբյուրներ, ինչպիսին է քամու էներգիան: