«Մեծ Բրիտանիայից անկախության հարցով հանրաքվեի պայմանները պետք է սահմանի Շոտլանդիայի ժողովուրդը, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը՝ հավելելով, որ իր կառավարությունը պատրաստ է այս հարցը քննարկելուն, այլ ոչ թե Լոնդոնի կողմից գործադրվող ճնշման պատճառով զիջումների գնալուն:
«Դաունինգ սթրիտում մեզ չեն համարձակվի անպատվել: Երբ պահպանողականները վերջին անգամ դիմել են նման քայլի վարչապետ Մարգարետ Թեթչերի պաշտոնավարման ընթացքում, ապա այդ քայլը Շոտլանդիայում որևէ դրական արդյունքի չի բերել», - ասել է Սալմոնդը:
«Խորհուրդ եմ տալիս Դեյվիդ Քեմերոնին չդիմել անհարգալից միջոցների: Մենք կողմ ենք երկխոսության և քննարկումների, սակայն եկեք անցկացնենք դրանք՝ հաշվի առնելով, որ Շոտլանդիայի խորհրդարանն ունի Շոտլանդիայում արդար հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու բոլոր իրավունքները, որպեսզի Շոտլանդիայի ժողովուրդը որոշի իր իսկ ապագան», - շեշտել է Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը:
Շոտլանդիայի առաջին նախարարը ցանկանում է հետաձգել քվեարկությունը մինչև 2014 թվականի ավարտը, որպեսզի Շոտլանդիայում ավելի մեծ թափ հավաքի անկախության կողմնակիցների շարժումը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի օրը հորդորել է Շոտլանդիային անցկացնել հանրաքվեն հնարավորինս արագ՝ երկար քննարկումների պատճառով տնտեսական խնդիրների ծագումից խուսափելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույն օրը որոշում է կայացրել շոտլանդացիների կողմից անկախության հանրաքվե անցկացնելու ճանապարհի եղած իրավական խոչընդոտները վերացնելու մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ է հանդես գալիս երկրի տրոհման, որի կազմում մտնում են նաև Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան:
Անգլիայի և Շոտլանդիայի խորհրդարանները ավելի քան 300 տարի առաջ քվեարկել են միավորված թագավորություն ստեղծելու օգտին՝ անվանելով այն Մեծ Բրիտանիա:
Եթե քվեարկությունն անցկացվի 2014 թվականին, ապա այն կհամընկնի Բենոքբըրնի ճակատամարտի 700-րդ տարելիցի հետ, որի ընթացքում շոտլանդացիները հաղթանակ են տարել բրիտանացիների նկատմամբ: