Թուրքիայի վերահսկիչ խորհուրդը ներկայացրել է հաշվետվություն հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով, որի համաձայն սխալներ են հայտնաբերվել պետական ծառայողների հարցաքննության մեջ, ինչը բացասական է անդրադարձել սպանության հետաքննության ընդհանուր գործընթացի վրա:
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից հայազգի լրագրողի սպանության գործով դատաքննության ոչ պատշաճ իրականացման մասին ներկայացված բողոքից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարգադրել է երկրի Վերահսկիչ խորհրդին իրականացնել լրագրողի սպանության գործի հետաքննությունը:
«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, վերահսկիչ պալատի կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն, չնայած այն հանգամանքի, որ մեղավորները արագ են բերման ենթարկվել, սակայն կառուցվածքային և ընթացակարգային դժվարությունները խոչընդոտել են դատավարության ընթացքին:
Թուրքիայի վերահսկիչ պալատի հաշվետվությունում նշվել է նաև, որ երկրի «ժանդարմերիան և ոստիկանության հետախուզությունը որևէ գործողություն չէին ձեռնարկել Հրանտ Դինքի կյանքը պաշտպանելու ուղղությամբ՝ նույնիսկ տեղյակ լինելով սպառնալիքների մասին: Հաշվետվությունում ասված է, որ Թուրքիան թերացել է ձեռնարկել երկրի սահմանադրության 17-րդ հոդվածով, ինչպես նաև Թուրքիայի կողմից ստորագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով սահմանված եղանակով մարդու կյանքի պաշտպանության համար նախատեսված գործողությունները:
«Որպես հետաքննության ընթացքում հիմնական հանցանքի գործոններ պետք է նաև ներառված լինեին լրագրողի սպանությունից առաջ և հետ պետական պաշտոնյաների կողմից կատարված թերացումներն ու չարաշահումները», - նշված է զեկույցում:
Հրանտի Դինքի սպանության դատավարության վերաբերյալ Թուրքիայի վերահսկիչ պալատի կողմից հրապարակված զեկույցը եզրափակել է, որ հայազգի լրագրողի սպանության գործով անցկացված դատավարությունը չի գոհացրել հասարակությանը և կասկածի տակ է առել պետական ողջ ապարատի հուսալիությունը: