Թուրքան կազմակերպելու է սփյուռք՝ Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մեղադրանքներին հակազդելու համար

«Թուրքիան համախմբվելու կոչով է դիմել ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր թուրքերին՝ Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մեղադրանքներին և Եվրոպայում ռասիզմի հետզհետե աճող վտանգին հակազդելու նպատակով»:

Այս մասին հայտնել է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկի խոսքը, որի համաձայն «կառավարությունն աշխատում է սփյուռքի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի մշակման ուղղությամբ»:

«Փաստաթղթում նշվելու են մեր առաջնահերթությունները, նպատակներն ու աշխատանքի մեթոդները: Փաստաթղթի միջոցով նախանշվելու է մեր ուղերձը», - ասել է պաշտոնյան:

Պարբերականի վկայությամբ, 2010 թվականին հիմնադրված Արտասահմանում բնակվող թուրքերի գործակալության կողմից մշակվող ռազմավարությունում նշվելու է նաև, որ թուրքական սփյուռքին մեծ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական սփյուռքը, ինչպես նաև նախատեսվում է դաշինք ստեղծել համախոհ այլ երկրների սփյուռքի հետ: