Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այցելել Մերձավոր Արևելյան այն պետությունները, որտեղ այս տարվա սկզբին տեղի են ունեցել երկար տարիներ պաշտոնավարած առաջնորդներին իշխանության ղեկից հեռացրած ապստամբություններ:
Թուրքիայի պաշտոնատար անձանց համաձայն, Էրդողանի «Արաբական գարնան» շրջագայությունը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին, որի ընթացքում նա այցելելու է Եգիպտոս, Լիբիա և Թունիս:
Էրդողանի համաձայն, հնարավոր է, որ ինքը կայցելի նաև Գազայի գոտի` հատելով Եգիպտոսի հետ ընդհանուր սահմանը:
Թուրքիայի վարչապետի այս շրջագայության մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ իր երկրի և Իսրայելի միջև հարաբերությունները կրկին լարվել են:
Էրդողանը չորեքշաբթի օրը մեղադրել է Իսրայելին երկկողմանի պաշտպանական գործարքով պարտականությունները չկատարելու մեջ` նկատի ունենալով Թուրքիայի և Իսրայելի կողմից կնքված Իսրայելում արտադրված առանց օդաչուի կառավարման ինքնաթիռների գնման պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Էրդողանը երեքշաբթի օրը հադես է եկել Իսրայելի հետ «բոլոր առևտրային և ռազմական կապերը» դադարեցնելու մասին հայտարարությամբ: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունից մեկ օր առաջ այս երկրի իշխանությունները կարգադրել են Իսրայելի բարձրաստիճան բոլոր դիվանագետներին մինչև չորեքշաբթի օրը լքել Թուրքիան:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անցյալ ուրբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի իր կառավարությունը կրճատում է Իսրայելում իր ներկայությունը` հասցնելով այն մինչև դեսպանի երկրորդ քարտուղարի մակարդակի:
Այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից կայացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կողմից 2010 հրապարակված զեկույցից հետո, որտեղ ՄԱԿ-ի փորձագետների մի խումբ եկել է եզրակացության, որի համաձայն Իսրայելի կողմից Գազայի գոտու ծովային շրջափակումը օրինական է, սակայն թուրքական «Մավի Մարմարա» նավի կողմից շրջափակումը ճեղքելու փորձի կանխման ընթացքում Իսրայելի կառավարությունը «անհամաչափ և անհիմն» ուժ է գործադրել: