Թուրքիայի անվտանգության ուժերը երեք զինյալ են ոչնչացրել

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» կողմնակիցների ցույց Ստամբուլում (արխիվային լուսանկար)

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած բախումների արդյունքում անվտանգության ուժերի կողմից երեք զինյալ է սպանվել:

Թուրքիայի իշխանությունների համաձայն, բախումները տեղի են ունեցել երեքշաբթի օրը Սիվաս նահանգում։ Սակայն չի նշվում, թե որ խմբավորմանն են պատկանում զինյալները` չնայած հայտնի է, որ երկրի հարավ-արևմուտքում գործում են քուրդ ապստամբները:

Երկրի հարավ-արևմուտքում գործող, անօրինական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ կառավարական ուժերի միջեւ 1984 թվականից ի վեր սկսված գործողություններին զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ:

Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունն անցյալ կիրակի օրը զգալի թվով ձայներ է հավաքել երկրի խորհրդարանական ընտրություններում:

Չնայած ընտրությունները խաղաղ են անցել, Թուրքիայի ոստիկանությունը հարավ-արևմտյան Բաթման նահանգում 34 մարդ է ձերբակալել` նրանց մեղադրելով քուրդ ազգայնական անկախ թեկնածուների օգտին քվեարկելու համար մարդկանց վրա ճնշումներ բանեցնելու մեջ։