Ստամբուլում և Անկարայում ուրբաթ օրը հազարավոր մարդիկ երթ են անցկացրել ընդդեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող լրագրողների ձերբակալությունների:
Երթի մասնակիցներից շատերի բերանը փակ էր սև ժապավեններով` ի նշան վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մամուլի ազատության սահմանափակումների:
Եվրոպական հանձնաժողովը և ԵԱՀԿ-ը քննադատել են Թուրքիայում հինգշաբթի օրը լրագրողների դեմ իրականացված գործողությունները:
Թուրքիայի իշխանությունների համաձայն, լրագրողները ձերբակալվել են «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ հետաքննության շրջանակներում:
«Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ` ըստ որի այն «անհանգստացած» է Թուրքիայի կառավարության հավանությանը չարժանացած հաղորդումների հեղինակ լրագրողների դեմ կիրառվող ուժային մեթոդներով:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին հինգշաբթի օրը հայտնել է, որ Վաշինգտոնը «մտահոգված է» Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով: