ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահն այս մեկնաբանությամբ հանդես է եկել երեքշաբթի օրն Անկարայում, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի կառավարության այլ պաշտոնյաների հետ:
Երկու պետությունների միջև հարաբերությունները մնում են լարված` այս տարվա մայիս ամսին դեպի Գազայի գոտի ուղևորվող փոքր նավատորմի վրա կատարված հարձակումից հետո։ Իսրայելի հատուկ ուժերի կողմից իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր ազգությամբ թուրք ինը ակտիվիստ, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի էր, հարաբերություններն Իսրայելի և Թուրքիայի միջև կտրուկ վատթարացել էին: Թուրքիան Իսրայելից պահանջել էր ներողություն խնդրել կատարվածի համար, սակայն Իսրայելի պաշտոնատար անձինք հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի հատուկ ուժերի գործողությունները ինքնապաշտպանական բնույթ են կրել:
Սենատոր Քերրին շարունակում է տարածաշրջանում իր շրջագայությունը: Երկուշաբթի օրը նա բանակցություններ է անցկացրել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: