Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թուրքիայում անցկացված երկօրյա բանակցությունների ընթացքում կողմերը որևէ համաձայնություն ձեռք չեն բերել։
ԵՄ–ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել է, որ հիասթափված է «P5+1» պետությունների խմբի և Իրանի միջև անցկացված բանակցությունների արդյունքով։
Էշթոնն ասել է, թե Թուրքիայում անցկացվող բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Իրանը պահանջել է դադարեցնել իր դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչը, նրա խոսքերով, ընդունելի չէ «P5+1» խմբի կազմում ընդգրկված պետությունների համար։
Իրանի միջուկային հարցերով ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին հայտնել է, որ Թեհրանը պահպանում է միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ ուրանի հարստացումը զարգացնելու իր իրավունքը։
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա նաեւ ասել է, որ իր երկիրը ցանկանում է շարունակել «P5+1» խմբի հետ բանակցությունները, եթե դրանց հիմքում ընկած լինեն «ընդհանուր տրամաբանությունը» և պետության իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքը։
Արևմտյան պետությունները մեղադրում են Իրանին՝ միջուկային զենք ստեղծելու ծրագրերի մեջ։
Իրանը հերքում է այդ մեղադրանքները։