Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսի համաձայն, հաջորդ տարի Իրանը արդեն կկարողանա միջուկային զենք ստեղծել։
Նա երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Արևմուտքի պետությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ չպետք է լավատեսորեն տրամադրված լինեն և իրենց որոշումները պետք է ընդունեն՝ հիմք ընդունելով այս երկրի հնարավորությունների ամենահոռետեսական գնահատականները։
Ֆոքսն իր անհամաձայնությունն է հայտնել Իսրայելի հետախուզական գործակալության նախկին պետ Մեյր Դագանի հետ, որը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանը մինչև 2015 թվականը չի կարողանալու միջուկային գործող զենք ստեղծել։
Ֆոքսն այս գնահատականով հանդես է եկել Իրանի միջուկային ծրագիրն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրականացված ջանքերի ձախողումից մի քանի օր անց։
Իրանը հերքում է իր դեմ ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, որ երկրում միջուկային ծրագիրն իրականացվում է բացառապես խաղաղ նպատակներով։