Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հանդես գալով Ֆրանսիայում հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու օրինագծի շուրջ կայանալիք քննարկմանն ընդառաջ, մեղադրել է այս երկրին «միջնադարյան մտածելակերպ» առաջ քաշելու մեջ:
«Օրինագծի օրենքի ուժ ստանալու դեպքում Ֆրանսիան լինելու է Եվրոպայում միջին դարեր վերադառնալու առաջին օրինակը», - ասել է Դավութօղլուն՝ չորեքշաբթի ուշ երեկոյան հանդես գալով Թուրքիայի խորհրդարանում:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, արտգործնախարար Դավութօղլուն ասել է, թե Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերը կարող են սահմանել պատմությունը հասկանալու վերաբերյալ նոր դոգմա և արգելել այլընտրանքային կարծիքները:
«Սա միջին դարերին հարիր մտածելակերպ է: Ֆրանսիայում նման մտածելակերպի ընդունումը Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգ է», - համոզմունք է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը:
Ֆրանսիայի ազգային ժողովը հաջորդ հինգշաբթի կայանալիք քննարկումների ընթացքում ուսումնասիրելու է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող մի օրինագիծ, որով նախատեսվում է ցեղասպանության փաստը հերքողների նկատմամբ կիրառել մեկ տարվա ազատազրկում և սահմանել 45 հազար եվրո (մոտ 58 հազար դոլար) չափով տուգանք:
«Հուրիեթ»-ի համաձայն, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու քննարկումներին ընդառաջ Թուրքիայի խորհրդարանը Ֆրանսիա է ուղղելու խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրի գլխավորած պատվիրակություն, որը գալիք շաբաթվա երկուշաբթիից չորեքշաբթի օրերին կայանալիք այցի ընթացքում փորձելու է բացատրել, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել Ֆրանսիայի կողմից նման օրենքի ընդունումը երկու պետությունների միջև հարաբերություններին:
Այս կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ասել է Թուրքիայի օրենսդիրներին, որ «անընդունելի է անպատասխան թողնել որևէ պետության առաջնորդի, կառավարության կամ խորհրդարանի կողմից մեր երկիրը և պետությունն անպատվելու փորձերը»: