Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական իրավունքի հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագիծը, որի տակ ստորագրել է Ժողովրդական շարժման միություն (UMP) և «Նոր կենտրոն» կուսակցությունների անդամ 40 խորհրդարանական, ներկայացվել է պատգամավոր Վալերի Բուայենի կողմից:
Ամերիկահայ «Ասպարեզ» պարբերականի վկայությամբ, այս օրինագծով, որն ուղարկվելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի ամբողջ կազմով քննարկման և քվեարկության, նախատեսվում է 45 հազար եվրոյի տուգանք և մեկ տարվա բանտարկություն սահմանել նրանց նկատմամբ, ովքեր հերքում են Հայոց ցեղասպանության փաստը:
«Հուսով եմ՝ մինչև վերջ կգնանք, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է մարդու իրավունքները հարգող երկիր», - ասել է պատգամավոր Բուայենը:
Այս օրինագծով փոփոխություն է ներկայացվում մամուլի ազատության մասին օրենքում՝ սահմանելով, որ ռասայական հողի վրա իրականացված հանցագործությունները հետապնդվում են օրենքով:
Նման օրինագիծ Ֆրանսիայի ազգային ժողովն արդեն հաստատել է 2006 թվականի հոկտեմբերի 12-ին: Այս տարվա մայիսի 4-ին սակայն Ֆրանսիայի Սենատը չի հաստատել այս փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստան կատարված իր այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հորդորել էր Թուրքիային վերանայել պատմությունը և որպես ցեղասպանություն ճանաչել գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը:
Սարկոզին ասել էր, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչված պատմական իրականություն է՝ անվանելով միասնական հերքումն անհատների կողմից կատարվող հերքումից ավելի վատ երևույթ:
Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ բոլոր մեծ երկրները, ներառյալ Թուրքիան, վերանայելով իրենց պատմությունը, կատարում են իրենց պատիվը բարձրացնող քայլ: