Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հորդորել է Ֆրանսիայի օրենսդիրներին «մտածել քաղաքական շահերից ավելի հեռու»:
Դավութօղլուի համաձայն, «Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը սև բիծ կթողնի Ֆրանսիայի մտավոր պատմության վրա»` նշելով, որ Թուրքիան միշտ կհիշեցնի Ֆրանսիային «այս բծի մասին»:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս շաբաթ ավելի վաղ նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ նշել է, որ օրինագծով չի նախատեսվում առանձնացնել որևէ երկիր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նախատեսում է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող հարցով քվեարկություն անցկացնել գալիք երկուշաբթի օրը` հունվարի 23-ին:
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվելու դեպքում օրինագիծը ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատման:
Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծով նախատեսվում է ցեղասպանության փաստի հրապարակայնորեն հերքումը պատժել մեկ տարվա ազատազրկմամբ և մոտ 58 հազար դոլարի տունգանքով:
Հրեական ողջակիզումը՝ Հոլոքոստը հերքելու համար սահմանված նույն պատժամիջոցը Ֆրանսիայում գործում է 1990 թվականից:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին` առաջացնելով Թուրքիայի իշխանությունները զայրացած արձագանքը:
Թուրքիան արգելել է ֆրանսիական նավատորմին մուտք գործել Թուրքիայի տարածքային ջրեր: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ֆրանսիայի ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքի օգտագործման հնարավորության նկատմամբ. Ֆրանսիայի ռազմական օդանավերին արգելվել է մուտք գործել Թուրքիայի օդային տարածք:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ազգությամբ հայ Ֆրանսիայի հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջներին տեղի տալու մեջ: