Թուրքիայի արտգործնախարարությունը կիրակի օրը «խորը ափսոսանք» է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի կապակցությամբ՝ անվանելով այն «միակողմանի»։
Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված ուղերձում նշվում է, թե նախագահ Օբամայի ուղերձում ներկայացված են աղավաղված պատմական փաստեր, «ուստի մենք այն խնդրահարույց ենք համարում և խորը ափսոսանք ենք հայտնում այդ կապակցությամբ։ Միակողմանի ուղերձը, որում պատմական խնդրահարույց իրադարձությունները մեկնաբանվում են արդարության ընտրովի իրավագիտակցությամբ, կանխարգելում են ճշմարտության ճանաչումը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության ուղերձում։
«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները նպաստելու է, այլ ոչ թե խոչընդոտելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին։ Չնայած պատմությունը աղավաղելու բոլոր փորձերին, շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ Հայաստանի հետ արդար հիշողություն և միասնական ապագա ստեղծելու ուղղությամբ», - ասվում է Թուրքիայի արտգործնախարարության ուղերձում։
Թուրքիայում երկար ժամանակ արգելված էր նույնիսկ հիշատակել Հայոց ցեղասպանությունը, սակայն վերջին տարիներին առավել մեծ թվով պատմաբաններ հարցականի տակ են դնում Անկարայի պաշտոնական քաղաքականությունը և հաշտեցում պահանջում։