Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար. «Ոչ ոք չի կարող ստիպել թուրք ժողովրդին գլուխ խոնարհել»

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էղեմեն Բաղըշ

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էղեմեն Բաղըշը հադես է եկել հայտարարությամբ, ըստ որի «ոչ ոք համարձակություն չունի՝ ստիպելու թուրք ժողովրդին գլուխ խոնարհել»:

«Հուրիեթ» թուրքական պարբերականը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է, որ Բաղըշն անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որի համաձայն, ըստ թերթի, «թուրքերը կխոնարհվեն Երևանում»:

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար ասել է, թե «Սարգսյանն անցել է սահմանները»:

«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ մենք գիտենք, թե ինչպես կարելի է կասեցնել այս ազգի դեմ ուղղված բացասական ցանկացած գործողություն», - ասել է Բաղըշը Ստամբուլում կիրակի օրն անցկացված «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում:

Բաղըշի համաձայն, Հայաստանի բնակչությունը չորս միլիոնից նվազել է մինչև երկու միլիոնը, իսկ Թուրքիայում աշխատելու նպատակով գտնվում են հայեր, ինչը վկայում է թուրք ժողովրդի անկեղծության մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա անցյալ շաբաթ կատարած իր այցի ընթացքում Մարսելում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության համաձայն, Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ՝ «ինչպես վայել է հարևան երկրներին»:

«Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:

Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների», - ասել է Հայաստանի նախագահը: