Թունիսի դատական իշխանությունները երկրի նախկին նախագահ Զին Էլ Աբիդին Բեն Ալիի դեմ նախապատրաստել է թմրանյութերի անօրինական առևտրից մինչև կանխամտածված սպանությունների կատարման գործով 18 մեղադրանք:
Թունիսի արդարադատության նախարարն այս ծրագրերի մասին հայտնել է երկրի հեռուստատեսությամբ` հավելելով, որ Բեն Ալիի, նրա ընտանիքի անդամների և քաղաքական դաշնակիցների դեմ նախապատրաստվել է ավելի քան 44 քրեական գործ:
Թունիսում 23 տարի պաշտոնավարելուց հետո հունվար ամսին տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում Բեն Ալին փախուստի էր դիմել Սաուդյան Արաբիա: Նրա ընտանիքի որոշ անդամներ և մերձավորներ կալանքի տակ են պահվում Թունիսում:
Արևմտյան լրատվամիջոցները փետրվար ամսին հաղորդել են, որ Բեն Ալին, սրտի կաթված ստանալուց հետո, ծանր վիճակում գտնվում է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում:
Թունիսի արդարադատության նախարարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիային իր նախարարությունը նախկին նախագահին հանձնելու դիմում է ներկայացնելու և արդեն իսկ դիմել է Ինտերպոլին` Բեն Ալիին և երկիրը լքած նրա ընտանիքի անդամներին ձերբակալելու համար: