«The Economist» հանդեսն այսօր հրապարակված իր «Մտածեք, թե ինչ եք ասում» հոդվածում անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին և Թուրքիայի իշխանությունների կողմից տված արձագանքին:
Հանդեսը մասնավորապես նշել է, որ Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Ֆրանսիայի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը «ռասիզմի, խտրականության և այլատյացության վրա հիմնված քաղաքականություն է:
«Թուրքիան սակայն այն դիրքում չէ, որ իրավունք ունենա քարոզել Ֆրանսիային ազատ խոսքի վերաբերյալ: Իր իս օրենքներով, որոնք Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագծի հակապատկերն են, արգելվում է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակել: Ավելի քան 100 լրագրող բանտ է նետվել՝ հիմնականում ահաբեկչությանը սատարելու անհիմն մեղադրանքներով», - գրում է հանդեսը:
«Ինչ վերաբերվում է պարոն Սակրոզիի քաղաքական մանևրերին», - նշում է «The Economist»-ը, - «ապա հայերից շատերը կարող են ասել, որ դրանք ոչ ավելի ցինիկ են, քան 2009 թվականին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված աշխատանքների թափ առնելու ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված արձանագրություններ ստորագրելու մասին Թուրքիայի որոշումը:
«Այդ ժամանակ Բարաք Օբամայի վարչակազմը համոզել էր ԱՄՆ-ի օրենսդիրներին հետ կանգնել օրինագիծն ընդունելուց: Թուրքիան արագ հետաձգեց արձանագրությունների ընդունումը և առաջ քաշեց իր հին դիրքորոշումը, որի համաձայն արձանագրությունները կարող են ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - գրում է հանդեսը:
Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները նոր թափ են առնում, և Օսմանյան կայսրությունում հայերի ճակատագրի շուրջ քննարկումները շատ ավելի բարձրաձայն են հնչում, քան երբևէ:
Սակայն Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագիծը, ըստ հանդեսի, կրկին հրահրել է ազգայնամոլների կրքերը և, հետևաբար, Թուրքիայում բնակվող հայերի փոքրաթիվ համայնքի իրենց դեմ բռնություններ իրականացնելու մասին մտավախությունները:
«2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի կողմի առաջին անգամ քննարկված օրինագծի ամենամեծ քննադատներից է եղել 2007 թվականին ծայրահեղ ազգայնական երիտասարդի կողմից Ստամբուլում սպանված Հրանտ Դինքը», - հիշեցնում է հանդեսը: - «Դինքն ասել էր, որ ցանկանում է բանտարկվել Ֆրանսիայում՝ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելուց հրաժարվելու և Թուրքիայում՝ հակառակը պնդելու համար»:
«Նա ասել է, որ պատմության վերքերի բուժումը գերադասելի է թողնել թուրքերին և հայերին, այլ ոչ թե ընտրողների ձայներ հավաքելով միայն մտահոգված քաղաքական գործիչներին», - եզրափակում է «The Economist» հանդեսի «Մտածեք, թե ինչ եք ասում» հոդվածը: