Թալիբների համաձայն, «Հաքանի» զինյալների ցանցը վերահսկվում է իրենց, այլ ոչ թե Պակիստանի կառավարության կողմից:
Թալիբների համացանցային կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, «զինյալների կողմից իրականացվող բոլոր գործողություններն իրականացվում են մեր նախաձեռնությամբ»: Հաղորդագրության համաձայն, «Հաքանի» ցանցի և Պակիստանի լրտեսական «ISI» գործակալության միջև որևէ կապ գոյություն չունի:
Թալիբների հաղորդագրությունում նշվել է նաև, որ «Հաքանի» ցանցի հիմնադիր Ջալալուդդին Հաքանիի և Պակիստանի կառավարական գործակալությունների միջև կապ հաստատելու փորձերն ուղղված են «ճանաչված գործիչների անունը պղծելուն»:
Հաղորդագրությունում հերքվել են նաև Միացյալ Նահանգների կողմից տարածված այն տեղեկությունները, որոնց համաձայն «Հաքանի» ցանցի մարտիկները ապաստան են գտնում Աֆղանստանի հետ սահմանակից Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան ցեղախմբերի կողմից վերահսկվող տարածաշրջանում:
Պակիստանի զինված ուժերի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը հայտնել են, որ Իսլամաբադը ռազմական գործողություններ չի ձեռնարկի «Հաքանի» ցանցի մարտիկների նկատմամբ, քանի որ ռազմական ստորաբաժանումներն արդեն իսկ ցրված են Պակիստանի հյուսիս-արևմուտքի տարածքով՝ պայքար մղելով զինյալների այլ կազմակերպությունների դեմ:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարկ Թոները երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգները համոզված է, որ Պակիստանի իշխանությունների հետ հնարավոր է իրականացնել կառուցողական համագործակցություն՝ ահաբեկչական այս կազմակերպության դեմ պայքարելու նպատակով:
Թոների համաձայն, Վաշինգտոնը համոզված է, որ «Հաքանի» ցանցը վտանգ է ներկայացնում Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար: